Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով չեն բացառվում հարձակումները ՌԴ քաղաքներում. Պետդեպ
Սիրիայում Մոսկվայի գործողությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի քաղաքներում «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումների, ինչպես նաև Սիրիայում ռուսական կոնտիգենտի կորստի ավելացման։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրվին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ ահաբեկիչների գործողությունները, անկասկած, կներառեն հարվածներ՝ ռուսական օբյեկտներին, և հնարավոր է նաև՝ ռուսական քաղաքներին։
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտարարել էին, որ դիտարկում են Սիրիայի Հալեպ քաղաքում երկրի կառավարական ուժերի հարձակումից հետո ընդդիմադիր ուժերին օժանդակություն ցուցաբերելու հարցը։