Բուհերում կլաստերային աուդիտ կիրականացվի
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորներն այսօր Կրթության և գիտության նախարարությունում հանդիպում ունեցան ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել բուհերում կլաստերային աուդիտ անցկացնելու համատեղ մշակված ծրագիրը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ բուհերի հետ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա: Ուստի առաջարկվում է նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն ծրագրային հավատարմագրմանը, ինչպես նաև նույն կրթական ծրագրերն ունեցող բուհերի միջև համեմատության հնարավորություն կլինի:
Պարոն Թոփչյանի խոսքով` կլաստերային աուդիտը կխթանի մասնագիտությունների խոշորացմանը և հավատարմագրման ծախսերի կրճատմանը: