1155 դիտում
15:45 03-06-2021
«Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և Գերմանական տնտեսական միավորումը երեկ կազմակերպել էին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում, որին մասնակցել են պետական գերատեսչությունների, բուհերի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հանդիպման նպատակն էր ներկայացնել և միավորել վերոնշյալ ոլորտների ծրագրերը` համեմատելու և գնահատելու արձանագրված ձեռքբերումները, բացահայտելու դրանց իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտները, ինչպես նաև նպաստելու լավագույն փորձի փոխանակմանը և բարձրացնելու դրանց տեսանելիությունն ու ազդեցությունը:
Քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նրա խոսքով՝ համալսարան-բիզնես համագործակցությունը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում է խնդրահարույց:
«Անհրաժեշտ է ստեղծել համագործակցության որոշակի հարթակ, և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ արդեն ունենք պայմանավորվածություն՝ կազմակերպել կլաստերային հանդիպումներ, որոնք կրելու են շարունակական բնույթ: Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերը հետագայում ինչպիսի շարունակություն են ունենալու: Վստահ եմ, որ որոշակի ժամանակահատվածի համար ստանալով ֆինանսավորում և չունենալով շարունակականություն՝ դրանք չեն կարող արդյունավետ լինել»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ դրա համար անհրաժեշտ է համագործակցության հարթակներն ավելի ընդլայնել և ստանալ որոշակի արդյունք: Ըստ նախարարի տեղակալի՝ Հայաստանում կան շատ լավ գիտնականներ, դասախոսներ և բիզնեսի ներկայացուցիչներ, սակայն բացակայում է այն միջավայրը, որտեղ կարելի է ի մի բերել բոլոր խնդիրները, առաջարկել լուծումներ և ստանալ արդյունք:
Նա քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել միջբուհական որոշակի ինկուբատորներ, որոնք կգեներացնեն գաղափարներ, դրանք կհավաքագրվեն և հետագայում կառևտրայնացվեն: Կարեն Թռչունյանն առաջարկել է Եվրոպական միության գործընկերներին՝ քննարկել նշված գաղափարը կյանքի կոչելու հնարավորությունը: Նա վստահեցրել է, որ այս գործընթացում ԿԳՄՍ նախարարությունը լինելու է ոչ թե դիտորդի կարգավիճակում, այլ ունենալու է ակտիվ դերակատարություն:
«Մեր գործընկերների՝ Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ նախատեսում ենք ներկայացնել համատեղ ծրագրեր, որպեսզի ստանանք կոնկրետ արդյունք: Պետական բոլոր օղակները, ինչպես նաև բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները պետք է լինեն մեկ դաշտում և ունենան նույն տեսլականը: Մենք արագ գործելու անհրաժեշտություն ունենք, քանի որ աշխարհը զարգանում է, և պետք է դրան համահունչ առաջ գնալ»,- ասել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ քննարկումից հետո կձևավորվեն մի շարք գործնական առաջարկներ:
Քննարկման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը:
Կլաստերային հանդիպումն անցկացվել է անհատական զեկույցների և պանելային քննարկումների միջոցով: Զեկույցների ընթացքում անդրադարձ է եղել Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի արդյունքում ձևավորված համալսարան-արդյունաբերություն համագործակցության շրջանակին և ակադեմիական, արդյունաբերական ու քաղաքացիական հասարակության միջև գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխանցման հարցերին: Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցման ռազմավարությունն ու մոդելները, որոնք, ըստ մասնակիցների, հիմնարար դեր են խաղում բուհերի շրջանավարտներին արդյունաբերական ոլորտի անհրաժեշտ փորձով զինելու գործում:
Միջոցառումն ավարտվել է պանելային քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են համալսարան-բիզնես համագործակցության մարտահրավերներին և հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
2292 դիտում
23:33 15-11-2019
«Երկխոսության վրա հիմնված ոստիկանական գործունեություն» թեմայով քննարկում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»