1607 դիտում
12:27 22-09-2016
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով` մասնավորապես նշելով.
«Հարգելի բարեկամներ,
25 տարի առաջ հայ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը հօգուտ անկախության: Անկախություն, որի համար պայքարել են մեր սերունդները: Մեր ժողովրդի հերոսական պատմությունը ոչ այլ ինչ է, քան պայքար անկախության եւ ազատության համար: Այդպես էր, երբ Հայկ նահապետը, հաղթելով Բաբելոնի տիրակալ, Հին աշխարհում չարիքի խորհրդանիշ համարվող Բելին, վերահաստատեց անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը: Այդպես էր, երբ Տիգրան Մեծը պաշտպանում էր մեր հայրենիքը Պոմպեոսի արշավանքներից: Այդպես էր նաեւ, երբ 451 թվականին Ավարայրում հայերն ապացուցեցին, որ մահն իմացյալ անմահություն է եւ կյանք շնորհեցին գալիք սերունդներին: Ու հենց Ավարայրում հայ ժողովուրդը վերահաստատեց հավատարմությունն իր հոգու երկու հիմնասյուներին` Աստծուն եւ հայրենիքին:
Հարգելի ներկաներ,
անկախության ձգտումը չլքեց մեզ նույնիսկ Ցեղասպանության ժամանակ: Այդ օրերին էր, որ հանճարեղ Թումանյանը խոսեց նոր Հայաստանի մասին: Եվ ինչպես Քրիստոսը ֆիզիկական մահից հետո հարություն առավ երրորդ օրը, այնպես էլ հայ ժողովուրդը, Ցեղասպանությունից 3 տարի անց վերածնունդ ապրելով,
Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում հերոսաբար հաղթեց թուրքերին՝ վերահաստատելով, որ լույսը ցրում է խավարը: Մայիսյան գոյամարտերում էր, որ թուրք Վեհիբ փաշան ասաց` հայերն ապացուցեցին, որ աշխարհի լավագույն զինվորներն են:
Հենց ազատության եւ անկախության ձգտումն էր, որ 600 հազար հայորդիների ուղղորդեց Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ: Պաշտպանելով Մոսկվան եւ Ստալինգրադը` նրանք պաշտպանում էին Երեւանն ու Շուշին: Հետագայում Հայրենական մեծ պատերազմի հերոսների զավակներն ու թոռները դարձան հայոց անկախության եւ Արցախյան հերոսամարտի կերտողները: Նրանց պայքարի շնորհիվ է նաեւ, որ այսօր մենք 25-ամյա անկախության կրողներն ենք:
Հավերժ փառք մեր հերոսներին: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
15:18 16-10-2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին