Ազգերի Անդյան միության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Սեպտեմբերի 17-ին Ազգերի Անդյան միության խորհրդարանի անդամները Մոնտեվիդեոյում կայացած նիստում միաձայն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և ընդունել այն ճանաչող բանաձև:
Նախագիծը ներկայացրել էր Անդյան միության խորհրդարանում Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո դե լա Կրուզը։ Փաստաթուղթը ստորագրել են միության նախագահ Էդիտ Մենդոսա Ֆերնանդեսը և գլխավոր քարտուղար Էդուարդո Չիլիկինգա Մասոնը:
«2016 թվականի ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, որն իրականացրել էր Օսմանյան Կայսրությունը 1915-1923 թվականներին՝ վարելով հայ ժողովրդի ձերբակալման ու տեղահանության, իսկ ավելի ուշ՝ ցեղասպանության քաղաքականություն՝ Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում, որին զոհ գնաց ավելի քան 1,5 միլիոն հայ»,-իր ելույթում ասել է Պեդրո դե լա Կրուզը:
[b]Հոդված 1[/b]. Դատապարտել միջազգային հանցագործությունները, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները, ցեղասպանություններն ու ագրեսիայի ցանկացած դրսևորում, որը կկիրառվի այլ ժողովուրդների և համայնքների դեմ:
[b]Հոդված 2[/b]. Ճանաչել Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, դրսևորել համերաշխություն հայ ժողովրդի և նրանց հետնորդների հանդեպ, դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու հայ ազգի կրած հանցագործությունները ժխտող ցանկացած քաղաքականություն:
[b]Հոդված 3[/b]. Կոչ անել միջազգային հանրությանը՝ ընդառաջ գնալ Միավորված ազգերի կողմից ընդունված «Պարտավոր ենք պաշտպանել» խորագրին, որը ձգտում է պաշտպանել քաղաքացիներին մարդկության դեմ իրականացվող հանցագործություններից, ցեղասպանություններից ու մարդու իրավունքների բոլոր տեսակի լուրջ խախտումներից, ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել տարբեր համայնքների, ժողովուրդների ու ազգերի հանդեպ իրագործվող վայրագություններն ու բռնությունները:
Նմանապես, խնդրել միջազգային հանրությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի կրած չարչարանքները՝ որպես պատմական փաստ, և աջակցել արդարության ու ճշտի հաստատմանը՝ այս կերպ արտահայտելով բոլոր տեսակի հանցագործությունների հանդեպ մարդկության բողոքը»:
Նշենք, որ Ազգերի ԱՆդյան միությունը ստեղծվել է 1969 թվականի մայիսի 26-ին Կարթագենյան համաձայնագրի ստորագրման արդյունքում։ Այն տարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցություն է, որի կազմում ընդգրկված են Էկվադորը, Բոլիվիան, Պերուն և Կոլումբիան։ Միության գլխավոր գրասենյակը տեղակայված է Պերուի մայրաքաղաք Լիմայում։ Միության նպատակն է աջակցել ինտեգրման և սոցիալ-տնտեսական համագործակցության միջոցով մասնակից երկրների զարգացմանը, տնտեսական աճի արագացմանը և զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև լատինամերիկյան ընդհանուր շուկայի ստեղծմանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/05/92252/]Հիշեցնենք[/url], որ այս տարվա օօգոստոսի 3-ին Պեդրո դե լա Կրուզն իր աշխատասենյակում ընդունել էր «Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանին: Նա մեծապես կարևորել էր կազմակերպության նախագահի այցելությունը Էկվադոր՝ նշելով, որ այցն ուրույն դեր կունենա հայ-էկվադորական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: