1681 դիտում
14:53 22-04-2015
Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն այսօր՝ ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: 20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
Ավստրիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո ընդունվեց հայտարարության տեքստը, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ցեղասպանությանը զոհ գնացած 1 և կես միլիոն հայերի հիշատակը:
Խորհրդարանի նիստին պաշտոնապես հրավիրված էին և ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արման Կիրակոսյանը, հանձնաժողովի անդամներ: Նիստից հետո դեսպան Կիրակոսյանը հանդիպեց խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր 6 ուժերի նախագահների հետ և Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ավստրիացի խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման այս կարևոր քայլի համար:
Քննարկումների տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=XTmPKyIuKlk:
Ստորև ներկայացնում ենք ապրիլի 22-ին Ավստրիայի Ազգային խորհրդում հրապարակված պաշտոնական հայտարարության տեքստը:
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ազգային խորհրդի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ
մագ. Անդրեաս Շիդերի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն),
դր. Ռայնհոլդ Լոպատկայի (Ժողովրդական կուսակցություն),
Հայնց-Քրիստիան Շտրախեի (Ազատական կուսակցություն),
դր. Էվա Գլավիշնիգ-Պիշչեկի (Կանաչների կուսակցություն),
ինժ. Վելտրաուդ Դիտրիխի (Շտրոնախի թիմ կուսակցություն),
և դր. Մատթիաս Շտրոլցի (Նոր Ավստրիա կուսակցություն)
Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի կապակցությամբ
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի դեմ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մենք հարգում ենք բռնության, սպանդի և տեղահանության ենթարկվածների հիշատակը, ինչպես նաև Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ-հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին և Պոնտոսի հույներին:
Ելնելով պատմական պատասխանատվությունից (Ավստրո-հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ) մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել և դատապարտել: Նույնպես և Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվելու իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ և Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել:
Այնպիսի ժամանակաշրջաններում, երբ միջազգային ճգնաժամային օջախները գնալով ավելի ու ավելի ուժգնացող սպառնալիք են ներկայացնում ազատ աշխարհին և նրա արժեքներին, հարկավոր է վճռականորեն հանդես գալ ընդդեմ ողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքներին ու հալածանքներին: 100 տարի առաջ հայերի դեմ իրագործված հանցագործությունը, որը Ֆրանցիսկոս Պապի կողմից որակվեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հստակորեն ի ցույց է դնում հիշողության մշակույթի անհրաժեշտությունը: Քանի որ ազատության, խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ մեր անբեկանելի արժեքների գիտակցությունը անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանությունների և զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ:
Ըստ այդմ՝ խորհրդարանական խմբակցությունների նախագահները պատրաստակամ են իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում հետևողականորեն շարունակելու միջազգային հակամարտությունների կարգավորմանն առնչվող երկխոսությանն և հաշտեցմանն ուղղված և ապացուցված ավստրիական ուղին: Դա վերաբերում է նաև պատմական իրադարձություններին, որոնք սեպ են խրում ազգերի և պետությունների միջև, ինչպիսին Թուրքիայի և Հայաստանի պարագան է: Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջինս պետք է թափանցիկ վերամշակման նպատակով լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա:
Հաշտեցման գործին նպաստելու նպատակով՝ սույնով մտադրություն է արտահայտվում ակտիվորեն սատարելու Թուրքիայի և Հայաստանի կողմից պատմական իրադարձությունների առերեսմանն և վերամշակմանը՝ որպես հաշտեցման առաջին քայլ ի նպաստ թուրք-հայկական հարաբերությունների և շատ ուշացած բարելավմանը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական հարթակում:
2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման վերաբերյալ բանաձևը (European Parliament resolution of 15 April 2015 on the centenary of the Armenian Genocide (2015/2590(RSP)) – չվնասելով միջազգային իրավունքի պաշտոնական գնահատականը – ողջունվում է Ազգային խորհրդում ներկայացված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահների կողմից:
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
22:32 24-06-2014
Իսպանական Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
1487 դիտում
11:29 21-03-2015
Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
3106 դիտում
16:48 21-04-2016
Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան