211652_close_icon
views-count2458 դիտում article-date 22:45 13-09-2016

ՀՀ զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը ճանաչվել է լավագույնը

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ պաշտպանության նախարարությունում գործող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և «ԳլոբալՆեթ» ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ-ի Սաֆֆոլկ քաղաքի Վիրջինիայի մոդելավորման և սիմուլյացիոն կենտրոնում կայացած ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումին։ Ֆորումի ընթացքում ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը ներկայացրել է իր նվաճումները հեռավար ուսուցման բնագավառում: Ֆորումի շրջանակում անցկացված Հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը ներկայացված ՀՀ զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը նվաճել է առաջին պատվավոր մրցանակը: Մրցույթ-ցուցադրության 11 մասնակիցներ թվում են եղել ՆԱՏՕ-ի անդամ-երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Թուրքիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցները՝ ՆԱՏՕ-ի դպրոցը, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջը և այլն։ Ներկայումս ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը համագործակցության աշխատանքներ է տանում ինչպես ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության, «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի հետ։ Հեռավար ուսուցման ծրագրերի մշակման գործընթացին իր աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ Միջազգային մրցույթում լավագույնը ճանաչված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրն արդեն իսկ ներդրված է ՀՀ ԶՈւ անձնակազմի կրթական և ուսումնական ծրագրերում:

Նմանատիպ նյութեր