211652_close_icon
views-count5493 դիտում article-date 19:43 12-09-2016

ԵՄ-ն ՀՀ կառավարությանը 7 միլիոն եվրո է տրամադրել գյուղատնտեսության զարգացման համար

Եվրամիությունը Հայաստանում գյուղատնտեսական և քաղաքային զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությանն է փոխանցել 7 միլիոն եվրո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում ԵՄ գրասենյակից: ԵՄ-ն 2014թ. դեկտեմբերին հաստատել է գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման նպատակով Հայաստանի կառավարությանը 25 միլիոն եվրոյի տրամադրումը, ինչն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի իրականացման տևողությունը 3 տարի է, որի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական համայքների կայուն ու համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար: Բյուջետային աջակցությունն իրականացվում է երեք տարվա ընթացքում: 2016 թվականի համար նախատեսված գումարը` 7 միլիոն եվրոն արդեն փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Հաստատելով այս տեղեկությունը` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է. «Ես մեծապես ողջունում եմ այն առաջընթացը, որը կա ծրագրի իրականացման հարցում` ներառյալ այն կարևոր դերը, որը խաղում է լրացուցիչ աջակցությունը: Ես ցանկանում եմ նաև շնորհավորել ՀՀ կառավարությանն ու մասնավորապես գյուղատնտեսության նախարարությանը այս աջակցության համատեքստում ունեցած ձեռքբերումների համար»:

Նմանատիպ նյութեր