Կյանքից հեռացել է անվանի մանկաբույժ Վադիմ Թևոսյանը
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացավ անվանի մանկաբույժ, բժշակական գիտությունների թեկնածու Վադիմ Կարպի Թևոսյանի մահվան մասին։ Անվանի բժիշկը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։
Մոսկվայում ասպիրանտուրան ավարտելուց և մանկաբույժի մասնագիտացում ձեռք բերելուց հետո 1970-1972թթ․եղել է ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի կրտսեր, իսկ 1972-1983թթ․ ավագ գիտաշխատող։ 1983թ․ եղել է ԵՊԲՀ №2 ամբիոնի դոցենտ։ 1975-1988թթ. զբաղեցրել է Հայաստանի գլխավոր մանկաբույժի, իսկ 1989-1991թթ․ առողջապահության նախարարի մանկության և վերարտադրության հարցերով տեղակալի պաշտոնը։ Նշանակալի է Թևոսյանի ներդումը Սպիտակի երկրաշարժի տարիներին երեխաների բուժօգնության կազմակերպման գործում։
Հմուտ մանկաբույժը մի շարք համամիութենական գիտաժողովների մասնակից էր, մասնագիտական հեղինակավոր միավորումների անդամ։ 2012թ․ Մանկական բժիշկների ասոցիացիայի գործադիր տնօրենն էր։ Մանկաբույժ-խորհրդատու էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Առաջատար բժիշկը տարբեր տարիների կտրվածքով արժանացել է բազմաթիվ պարգևների։ Հրատարակել է ավելի քան 140 աշխատանք, որոնք նվիրված են առողջապահության կազմակերպմանը, Հայաստանի մանկական բնակչության առողջության պահպանմանը, այլ մասնագիտական թեմաների։
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավակցությունն է հայտնում Վադիմ Թևոսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: