211652_close_icon

Մաշտոցի 15 հասցեում բացվեց անվանի մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

views-count3963 դիտում article-date 16:24 03-06-2016
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մաշտոցի 15 հասցեում այսօր բացվեց ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, Երևանի գլխավոր մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:Միջոցառմանը ներկա էին առողջապահության ոլորտի պատասանատուներ, անվանի բժշկի հարազատներն ու գործընկերները: Ռոզա Մկրտչյանի երեխաները` Թամարա և Ալեքսանդր Մանուկյանները նույնպես որպես մասնագիտություն ընտրել են բժշկությունը: Թամարա Մանուկյանը քիթ-կոկորդ-ականջաբան է, իսկ Ալեքսանդր Մանուկյանը` մանկական վիրաբույժ: «Տանն անչափ բարի, մեղմ անձանվորություն էր: Լիովին նվիրված էր իր աշխատանքին»,- լրագրողների հետ զրույցում պատմեց մանկաբույժի դուստրը` Թամարա Մանուկյանը, ով «Արաբկիր» բժշկական համալիրում ղեկավարում է թույլ լսող երեխաների վերականգնողական ծառայությունը: «Ռոզա Մկրտչյանը շուրջ 30 տարի զբաղեցրել է Երևանի գլխավոր մանկաբույժի պաշտոնը: Շատ բարձր մակարդակի մասնագետ էր: Ազնվություն և պարկեշտություն բոլորս պետք է իրենից սովորեինք: Այսօր այդպիսի մարդիկ քիչ կան»,- ասաց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Արա Մինասյանը: Կազմակերպության համանախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ նախաձեռնության հիմքում ընկած է այն գաղափարը, որ երիտասարդ մասնագետներին դաստիարակելիս պետք է կարողանանք մեր ուսուցիչների կատարածը և փորձը փոխանցել սերունդներին: «Բնավորությամբ շատ բարի էր, բայց և խստապահանջ: Մանկաբուժության մասին խոսելիս չէինք կարող պատկերացնել, որ որևէ դժվարության կարող էին հանդիպել, քանի որ նա օգնելու պատրաստակամությամբ միշտ մեր կողքին էր»,- իր տպավորությունները ներկայացրեց «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավարը: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի կյանքում ևս Ռոզա Մկրտչյանը որոշիչ դեր է ունեցել: «Ես նրան իմ առաջին ուսուցիչն եմ համարում, առողջապահության կազմակերպիչ, մարդ, որի նմանին այլևս չեմ հանդիպել կյանքում»,- ընդգծեց Լիդա Մուրադյանը` բնորոշելով ավագ գործընկերոջը որպես հոգատար մայր և հմուտ խորհրդատու: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության թղթակից Տիգրան Լիլոյանին Ռոզա Մկրտչյանի հետ ևս վառ հիշողություններ են կապում: Նա առիթ է ունեցել մանկության տարիներին բժշկվելու Ռոզա Մկրտչյանի մոտ: Լրագրողը իր երախտիքի ջերմ խոսքերը հղեց անվանի մանկաբույժին: Նշենք, որ Ռոզա Հովհանեսի Մկրտչյանը ծնվել է 1923թ. Թբիլիսիում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1942 թ. տեղափոխվել է Երևան: 1947թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աշխատել է որպես տեղամասային մանկաբույժ, դպրոցական բժիշկ, իսկ 1956թ.՝ Երքաղխորհրդի գործկոմի առողջապահության բաժնի տեսուչ: 1958թ. մինչև 1990թ., մինչ կենսաթոշակի անցնելը, աշխատել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում: 1976թ. Ռոզա Մկրտչյանին շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բժիշկը մեծ հեղինակություն է վայելել Երքաղխորհրդի գործկոմում և առողջապահության համակարգում: Նրա անբասիր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի բուժկանխարգելիչ հաստատություններում ներդրվել են ախտորոշման, կանխարգելման և բուժման նորագույն մեթոդներ: Քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում 32 տարիների ընթացքում նրա կողմից մեծ աշխատանք է տարվել մանկաբուժական ծառայության մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ստեղծվել են մի շարք նոր մանկական հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և մասնագիտացված կենտրոններ: 1965թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ռոզա Մկրտչյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: 1961 և 1963 թվականներին պարքևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդի պատվոգրերով: Ռոզա Մկրտչյանը մահացել է 1995թ. Երևանում: Ռոզա Մկրտչյանի բնակության հասցեում իր անունը կրող հուշատախտակը փակցնելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու կողմից: Հեղինակը` ճարտարապետ Լևոն Իգիթյանն է:

Նմանատիպ նյութեր