Ողբերգական ավտովթար Փարաքարի ճանապարհին. 29-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գազի խողովակին և գլխիվայր շրջվել. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Արմավիրի մարզում: Ժամը 13.00-ի սահմաններում   Երևանի Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան գնացող ճանապարհին՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 24 տան մոտակայքում,  29-ամյա Արկադի Բուդանոն իր վարած Toyota Aristo  մակնիշի NN 039 TT համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կորցնելով ղեկի կառավարումը՝  բախվել  ճանապարհի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև գազի խողովակին, բետոնյա էլեկտրասյանը և գլխիվայր  շրջվել:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Բուդանոն տեղում մահացել է, իսկ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր, 16-ամյա Միչադիմը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Բախման հետևանքով  տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


