211652_close_icon
views-count3777 դիտում article-date 18:53 08-08-2016

Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Օգոստոսի 8-ին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Նազարյանը նշեց, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-հունական հարաբերություններն ամուր հիմք են ծառայում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին՝ հույս հայտնելով, որ նա իր մասնագիտական բարձր կարողություններով նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման գործընթացին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ տիկին Վրայլան վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-հունական հագեցած օրակարգն առաջ մղելու նպատակով: Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև միջազգային կառույցներում շարունակվող աջակցությունը, անդրադարձ կատարեցին հայ-հունական քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Նմանատիպ նյութեր