211652_close_icon
views-count40764 դիտում article-date 11:05 08-08-2016

Հայաստանն ինչքան ճանաչելի լինի աշխարհում, այնքան ավելի ուժեղ կլինի. Աշոտ Աղաբաբյան

Էկվադորում այս օրերին ակտիվորեն քննարկվում է Հայաստանում հյուպատոսություն և առևտրային ներկայացուցչություն հիմնելու հարցերը: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը հայ-էկվադորական հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների մասին զրուցեց Էկվադորում եղած թերևս միակ պատգամավորի՝ Աշոտ Աղաբաբյանի հետ: [b]Էկվադորում այս օրերին լայնորեն քննարկվում է հայ-էկվադորական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Պարոն Աղաբաբյան, Դուք Հայաստանի երևի միակ պատգամավորն եք, որ այցելել է Էկվադոր: Կպատմե՞ք՝ ինչպիսի երկիր է Էկվադորը:[/b] - Էկվադորը Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող, էկզոտիկ բնություն, մեղմ կլիմա և 16 միլիոնանոց բնակչություն ունեցող երկիր է: Ես երկու քաղաքներում եմ եղել՝ Կիտոյում և Գուայաքիլում: Հանդիպումներ եմ ունեցել տարբեր պաշտոնյաների ու գործարարների հետ, ուսումնասիրել ենք իրենց արդյունաբերությունը, մշակույթը: Էկվադորի տնտեսությունը շատ յուրօրինակ կառուցվածք ունի: Այն ասես իրենց բնության շարունակությունը լինի. բոլորը գիտեն էկվադորյան բանանի մասին, որն արտահանվում է ողջ աշխարհում: Շատ մեծ տարածում ունեն բնական դեղամիջոցները, որոնք բուսական ծագում ունեն: Ընդհանրապես, Էկվադորում չկա այն արդյունաբերությունը, որ մենք ենք պատկերացնում, ասենք՝ մեքենաշինություն ևն: Բայց ճյուղեր կան, որոնք կարելի է ասել՝ ողջ աշխարհին են սպասարկում: Օրինակ՝ ասում ենք հոլանդական ծաղիկ, բայց Հոլանդիայում ծաղիկ չեն աճեցնում, ներմուծում են Էկվադորից և վերաարտահանում են այլ երկրներ: Ժողովուրդը հանգիստ, խաղաղասեր է, իսպանալեզու, կամ իսպանացիների սերունդներ են, կամ հնդկացիների: Սպասարկման կուլտուրան շատ բարձր է, համաշխարհային բրենդները ներկայացված են Էկվադորում՝ «Մարիոտ» հյուրանոցից սկսած: Մեծ հեռանկարներ ունի Էկվադորի տուրիզմը. եղանակը շատ լավն է, կայուն, տեսարժան վայրեր կան: Ֆուտբոլն է շատ զարգացած: Էկվադորի այժմյան վերելքի գործում մեծ է ներկայիս նախագահի՝ Կոռեայի դերը: Նա հեղափոխական ալիքով է եկել, և բացի նրանից, որ սիրում է իր երկիրը, տնտեսական ռեֆորմներ է իրականացնում, որից շահում են էկվադորցիները: Պետական կառավարման և հին, և նոր ավանդույթներ կան, որ նույնիսկ անսովոր են: Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ստացած նվերները հանձնում են հատուկ թանգարանին, որտեղ դրանք ցուցադրվում են: Նախագահը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, ինչը նշանակում է, որ կայսրություն չէ, ժողովրդավար պետություն է: Մեր պետությունների համագործակցությունը կարող է երկու կողմի համար էլ շատ շահավետ դառնալ: Իհարկե, այն, ինչ նրանք չունեն, կարող են վերցնել հարևան երկրներից: Բայց օրինակ, այնտեղ շինարարական շատ ակտիվ փուլ է սկսվել, հետևաբար, շինարարների կարիք ունեն: Էկվադորում մեծ շինությունները հիմնականում բնակելի չեն, եթե չհաշվենք հյուրանոցները: Որքան էլ տարօրինակ է, բնակարանաշինությունից այդ երկիրը թույլ է, թեև աշխարհի ամենալավ ցեմենտն այնտեղ է. լեռնային բնություն ունեցող երկիր է, բայց քար չկա, կա կավ, որը շատ ամուր է: Հայերն այնտեղ շատ չեն. մոտ քառասուն ընտանիք: Կան երաժշտության և արվեստի այլ ճյուղերի մասնագետներ: Երբ այնտեղ էի, լողավազանում պատահաբար մի հայի հետ ծանոթացա: Միայն այն, որ մեր պետությունների դրոշների գույները նույնն են՝ տարբեր հերթականությամբ, արդեն որոշակի բան է ասում: Զարմանալի մի բան էլ ասեմ. հայկական տեղանուններ կան Էկվադորում: Սա, կարծում եմ, պետք է ուսումնասիրվի: Վստահ եմ, որ Էկվադորի հետ կարող ենք ջերմ հարաբերություններ ստեղծել: [b]Էկվադորը հետզհետե ավելի հաճախ է երևում միջազգային լրահոսում և կարծես հետևողականորեն դառնում է ավելի լուրջ դերակատար միջազգային ասպարեզում: Կան արդյո՞ք ընդհանուր հետաքրքրություններ Հայաստանի և Էկվադորի միջև:[/b] - Իմ կարծիքով, անպայման, որովհետև ինչքան շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ ունենանք, այնքան մեզ համար լավ կլինի: Բացի դրանից՝ Հայաստանն ինչքան ճանաչելի լինի աշխարհում, այնքան ավելի ուժեղ կլինի: Մանավանդ եթե խոսքը վերաբերում է Էկվադորին, որի հետ բազմաթիվ ընդհանրություններ ունենք՝ և՛ մտածողության, և՛ մշակույթի առումներով: Կապն անհրաժեշտություն է: Նույնիսկ թշնամու հետ է կապն անհրաժեշտ, որ իմանաս, թե ինչ է ուզում: Իսկ Էկվադորի հետ կապված, իհարկե, մենք շատ հեռու ենք իրարից, բայց նույնիսկ եթե արտահանման մեծ ծավալ չկարողանանք ապահովել, ներմուծումն էլ շատ ձեռնտու կարող է լինել, որովհետև ուղղակի Էկվադորից ներկրված ապրանքը, բնականաբար, ավելի էժան է լինելու, քան միջնորդավորված առևտուրը: Կարծում եմ, որ Էկվադորի հետ մենք պետք է լուրջ հարաբերություններ հաստատենք: Կրկնում եմ՝ ինչքան պետությունը կապեր ունի, այնքան ավելի ուժեղ է: Ընդ որում, կապ ասելով՝ չպետք է հասկանալ միայն մի բան, այլ ամեն ինչ՝ տնտեսություն, արվեստ և այլն: [b]Պարոն Աղաբաբյան, անդրադարձաք տնտեսությանը: Էկվադորի տնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են: Ի՞նչ հեռանկարներ կարող է ունենալ հայ-էկվադորական տնտեսական համագործակցությունը: [/b] - Ինձ թվում է՝ մենք դեռևս արտահանելու բան չունենք, որովհետև ըստ էության չունենք արդյունաբերություն: Ինչ էլ որ ունենք, ունի իր սպառման շուկան, ինչո՞ւ պետք է հասցնենք Էկվադոր: Բայց եթե մեզնից առնում են և տանում են Էկվադոր, ավելի լավ է՝ մենք տանենք: Եվ հակառակը: Ասենք՝ Ռուսաստանը բանան կամ ծաղիկ է գնում Էկվադորից և հետո ներմուծում Հայաստան: Բնականաբար, գինն ավելանում է: Եթե մենք կարողանանք իմանալ, թե ինչի կարիքն այնտեղ ունեն, ինչ են ներմուծում, որի որակը լավը չէ, մենք այստեղ սկսենք արտադրել, պարզ է, որ մենք էլ արտահանելու բան կունենանք: [b]Այսինքն՝ Էկվադորի հետ հարաբերությունը կարո՞ղ է խթանել Հայաստանի տնտեսությունը:[/b] - Իհարկե, Էկվադորը շուկա է: Ընդ որում, այնպիսի շուկա է, որ բազմաթիվ բացեր ունի: Եթե մի երկիր քար չունի, քարի պահանջ ունի, ուրեմն՝ նաև շինարարի պահանջ ունի: Մարդիկ այստեղ շինարարական բրիգադներ են կազմում, գնում են Ռուսաստանում են աշխատում: Իսկ գուցե Էկվադորում աշխատուժն ավելի թա՞նկ է, ավելի լավ չէ՞, որ գնան այնտեղ: Բայց նկատի ունեմ ոչ այնքան պարզ աշխատուժը, որքան ինժեներական համակարգը: Դրա համար կոնկրետ ծրագրեր են պետք: Նախ՝ փոխհարաբերություններ պետք է լինեն: Դրանից հետո շատ արագ հստակություն կմտնի, թե ինչ է պետք ձեռնարկել: [b]«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի հրավերով, վերջերս Հայաստան էր ժամանել մի պատկառելի պատվիրակություն Էկվադորից: Հայտնի է, որ Դուք հանդիպել եք նրանց հետ: Ինչպիսի՞ն էր նրանց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:[/b] - Իրենք զարմացած և հիացած էին Հայաստանով, որ մոլորակում այսպիսի երկիր կա, իսկ իրենք տեղյակ չեն: Լսել էին, բայց գալ-տեսնելն ուրիշ է: Նաև հայկական հյուրասիրությունից ու հոգատարությունից էին շատ ազդվել: Մեր պատմությունն ու մշակույթն էին մեծ ազդեցություն թողել: Կարելի է ասել՝ էկվադորցիները ապշել էին, երբ իմանալով Հայոց ցեղասպանության մասին՝ տեսան, որ շարունակել ենք ապրել, պետություն ու բանակ ունենք: Ես վստահ եմ, որ իրենք էլ են ձգտում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն: Պետք է նշեմ, որ Վարդան Հարությունյանին հաջողվեց իր կազմակերպությամբ ամուր կապ ստեղծել երկու երկրների միջև, փոխադարձ այցելություններնները դրա լավագույն վկայությունն են. այս ընթացքում Հայաստան են եկել տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ գործարարներ, երաժիշտներ, նկարիչներ: Բացի դրանից՝ նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք էկվադորցիների համար լուծելի չէին, որովհետև Էկվադորի դեսպանատունը Մոսկվայում է, հնարավոր եղավ Վարդան Հարությունյանի կազմակերպության միջոցով լուծել: Հայաստանին անհրաժեշտ է ներկայացված լինել Էկվադորում: Արգենտինայում մեր դեսպանն է սպասարկում ողջ Լատինական Ամերիկան. այդ մարդը հո հարյուր կես չի լինելո՞ւ: Իհարկե, մեր պետությունն այժմ ֆինանսական խնդիրներ ունի նման նախաձեռնություններն իրականացնելու համար: Բայց ես վստահ եմ, որ տեղացի հայերը շատ բան կարող են իրենց ուսերի վրա վերցնել: Ես ում հետ շփվել եմ, բոլորն ուզում էին, որ Հայաստանը դեսպանատուն ունենա և պատրաստ էին աջակցել: Մի հանգամանք էլ կա. մենք պետք է մեր հանդեպ հետաքրքրություն ստեղծենք Էկվադորում, որ մեզնով հետաքրքրվեն. եթե թողնենք ինքնահոսի, հարաբերություններ չեն ձևավորվի ու չեն զարգանա: Պետք է ավելի նախաձեռնող լինել: [b]Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան վերջերս կոչով դիմել էր միջազգային հանրությանը՝ առաջարկելով միասնական պայքար ծավալել օֆշորների գոյության դեմ: Արդյոք դա մեզ էլ է վերաբերո՞ւմ, և ինչպե՞ պետք է արձագանքենք: [/b] - Դա վերաբերում է բոլոր պետություններին, այդ թվում նաև մեզ: Կա միջազգային տեռորիզմ, որի դեմ բոլորը պայքարում են, սա էլ տեռորիզմի մի ձև է. մարդն իր երկրից գողանում է, տանում ինչ-որ տեղեր պահում: Կոռեան, իմ կարծիքով, շատ ճիշտ դիրքորոշում ունի, և փառք Աստծո, որ թաքուն խոսակցությունների փոխարեն վերջապես մի բաց հայտարարություն եղավ: Ինչո՞ւ է ինքը նախաձեռնել. որովհետև օֆշորներում պահած բաներ չունի: Մարդ իր կարողությունը պետք է իր երկրում պահի: Ապրի Կոռեան, որ նման քայլի է գնացել, որովհետև այս քայլից հետո շատ թշնամիներ ես ունենում, այն էլ ի՞նչ թշնամիներ. շատ հարուստ թշնամիներ: Եթե ինքը գնացել է նման նախաձեռնության, ուրեմն բրավո իրեն:

Նմանատիպ նյութեր