«Իմ Հայաստան» փառատոնի մասնակից պարախմբերը հյուրընկալվեցին Արմավիրի մարզում
Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի մասնակից պարախմբերը մեկնեցին Արմավիրի մարզ: Նրանք այցելեցին Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան և ծանոթացան հայկական վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձանի պատմությանը: Այնուհետև այցելեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Երեկոյան Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ, ելույթներով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու «Նաիրի» (գեղարվեստական ղեկավար` Զավեն Վիրաբյան), Ռուսաստանի Ապշերոնսկ քաղաքի «Ուրարտու» (գեղարվեստական ղեկավար` Արմինե Հայրապետյան), Սանկտ Պետերբուրգի «Նոյյան» (գեղարվեստական ղեկավար` Մանուկ Օհանյան), Իրանի Փերիո Կրթասիրաց Միության «Էրէբունի» (գեղարվեստական ղեկավար` Ալինա Գրիգորյան), Դոնի Ռոստովի «Աստղիկներ» (գեղարվեստական ղեկավար` Սուսաննա Մելիքյան) պարախմբերը:
Փառատոնի մասնակիցներին իրենց երգերով ողջունեցին Արմավիրի մշակույթի տան շնորհալի սաները՝ Արման Առաքելյանը, Մանե Բարեղամյանը, Արման Հակոբյանը: