211652_close_icon
views-count2248 դիտում article-date 11:04 12-10-2026

Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ բախվել էին «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նախկին անդամ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանն էր, տեղափոխվել էին հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 11-ին, վաղ առավոտյան Վ. Մալխասյանը հիվանդանոցում մահացել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել էին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած «Jeep» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդները և նրանցից մեկի ուղևոր՝ 42-ամյա Հրանտ Դ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ՝ խմբի պետ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, դադարեցրել «Opel Zafira»-ի գազի արտահոսքը և պարեկների հետ ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի և վաշտի հրամանատար Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Պողոսյանը և Լուսինե Արշակյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Վթարի հետևանքով նշված ճանապարհին առաջացել էր մոտ 5 կմ-անոց խցանում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վարդան Մ.-ն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նախկին անդամ էր, նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ էր:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր