ԱԳ նախարարի տեղակալ Կ.Նազարյանը մասնակցեց Հայաստան-ԵՄ hարաբերությունների վերաբերյալ հանրային քննարկմանը
Հուլիսի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրային քննարկումներին, որոնք նվիրված էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումներին:
Նախարարի տեղակալը քննարկման մասնակիցներին ներկայացրեց վերջին շրջանում Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները: Նա նաև վերահաստատեց ՀՀ իշխանությունների պատրաստակամությունն ամրապնդել ու ընդլայնել ԵՄ-ի հետ համապարփակ հարաբերությունները` այդ համատեքստում կարևորելով նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացը, որը նախատեսվում է ավարտին հասցնել տեսանելի ապագայում:
Կարեն Նազարյանը կարևորեց քաղաքացիական հասարակության կողմից այդ գործընթացի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրությունը և պատրաստակամություն հայտնեց շարունակել նման ձևաչափով կարծիքների փոխանակումը:
Նախարարի տեղակալը նաև պատասխանեց քննարկման մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին: