211652_close_icon
views-count451 դիտում article-date 17:55 13-10-2026

Արարատ Միրզոյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը:

Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերություններին: Գոհունակությամբ ընդգծվել է դեպի Գերմանիա հայկական արտադրության ապրանքների արտահանման դրական դինամիկան, որի առավել ակտիվացմանը կարող են նպաստել ԵՄ կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացում Գերմանիայի շարունակական աջակցությունը:

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլի մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության և համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների ցանցի զարգացմանը և էներգետիկ դիմակայունության բարձրացմանը միտված կոնկրետ քայլերին:

Նմանատիպ նյութեր