Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի կունենան հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնի համերգներ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. աշնանը Հայաստանի կոմպոզիտորների միության /ՀԿՄ/ «Համագործակցություն» նախագծի շրջանակում, Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի կունենան հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնի համերգները:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, արդեն իսկ իրագործվել են ՀԿՄ «Համագործակցություն» նախագծի երկու` հայ-ռուսական և հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոները. արդյունքում հայ ունկնդիրը ծանոթացել է ժամանակակից ռուս և վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններին, իսկ Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայացած պատասխան համերգներում ներկայացվել են ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Նշենք, որ ս. թ. հուլիսի 9-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայացել է հայ-չինական ժամանակակից երաժշտության փառատոնը: Փառատոնային համերգի առաջին բաժնում հնչել են չին ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում՝ հատուկ այս նախագծի համար գրված ստեղծագործություններ, իսկ երկրորդ բաժնում` հայ ժամանակակից կոմպոզիտորներ Գրիգոր Առաքելյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Արամ Սաթյանի, Սվետլանա Ալեքսանյանի և Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունները:
Այս առիթով Հայաստան ժամանած ՉԺՀ-ի երաժշտական ասոցիացիայի պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Հան Քսինյանի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության ինստիտուտ թանգարան, Մատենադարան, հանդիպել՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամներին: