Եվրո-2016. Գերմանիա-Իտալիա. ո՞ւմ մեքենան կկանգնի. անոնս. տեսանյութ
Այսօր Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչում Իտալիայի հավաքականը կհանդիպի Գերմանիայի հավաքականի հետ:
Եվ էական չէ, որ հանդիպում են աշխարհի երկու քառակի չեմպիոնները: Խաղում են այս մրցաշարում առայժմ ամենալուրջ, ամենաբարձր խաղամակարդակ ցուցադրող թիմերը:
Եթե Գերմանիայի դեպքում սա սովորական բան է, մենք գիտենք, որ դա ցանկացած խոչընդոտ հաղթահարող մեքենա է, որի վրա չեն ազդում եղանակը, աստղերի առկայությունը, տնտեսական իրավիճակը և այլն, ապա Իտալիայի խաղը հաճելի անակնկալ դարձավ մարզասերների համար:
Անտոնիոո Կոնտեի թիմը իր խաղային բարձր կարգապահությամբ, թիմային գերազանց գործողություններով, ամուր պաշտպանությամբ, ինքնավստահությամբ, և իհարկե` Բուֆոնով, առաջին իսկ խաղից գերեցին բոլորին:
Կարծես թե առանձնապես աստղեր էլ չկան իտալական թիմում` բացի Բուֆոնից, բայց դա ընդհանրապես չի զգացվում: Խաղադաշտում 11 աստղ է, որոնցից յուրաքանչյուրը գիտի իր տեղը, հնարավորությունները, անելիքը: Կոնտեն առավելագույնս կարողացել է իր խաղացողների ներուժը օգտագործել:
Արդյունքը վստահ հաղթանակներն էին Բելգիայի, Շվեդիայի և Իսպանիայի նկատմամբ: Ընդ որում, այդ խաղերում իտալացիները գոլ բաց չեն թողել:
Գերմանացիները` բացառությամբ Լեհաստանի հետ խաղի, առայժմ առաջ են շարժվում պլանավորած գրաֆիկով: Լյովի թիմում տոն են տալիս Դրաքսլերն ու Կրոսը: Առաջինը արդեն դարձել է հարձակման գծի առաջատարը` իր ոչ ստանդարտ ու ագրեսիվ խաղաոճով, իսկ Կրոսը թիմի ուղեղն է, որը կառավարում է թիմի գործողությունները` կապելով խաղային օղակները:
Բուքմեյքերները այս խաղում հաղթանակի նախապատվությունը տալիս են Գերմանիային, որի հաղթանակի գործակիցը կազմում է`2.25, ոչ-ոքին` 3.06, Իտալիայի հաղթանակը` 4.10: Սա հասկանալի է, ի վերջո, աշխարհի գործող չեմպիոններն են, բայց իրականում բացարձակ հավասար թիմեր են: Կանխատեսում անել այս խաղի համար անշնորհակալ գործ է: Պարզապես զինվենք համբերությամբ և վայելենք հսկաների այս ճակատամարտը:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: