211652_close_icon
views-count4753 դիտում article-date 10:54 29-06-2016

Ճոճվող «էլիտան» թելից կախված տնտեսություն է կառուցում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական էր, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խոսի հայկական պտուղ-բանջարեղենի ռուսական շուկայում ավելացման մասին, երբ մի քանի օր անց անորոշ ժամանակով փակվեց Վերին Լարսի անցակետն ու հայկական պտուղ-բանջարեղեն արտահանողները հայտնվեցին բավականին ծանր վիճակում՝ ստիպված լինելով չնախատեսված ծախսեր անել: Սրան զուգահեռ, ի հայտ եկավ ևս մեկ խնդիր՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարծեք թե պատրաստվում են հաշտվել, ինչը նշանակում է, որ ռուսները հավանաբար կվերացնեն թուրքական պտուղ-բանջարեղենի արգելքը իրենց շուկայի համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայկական ապրանքը այդ առումով կստանա ուժեղ մրցակից: Այս իրավիճակը լավագույնս բնորոշում է Հայաստանի տնտեսության պերճանքն ու թշվառությունը: Այդ տնտեսության հիմնական, խոշորագույն գործընկերն ու արտաքին ներդրողը՝ Ռուսաստանը, Հայաստանը դիտում է ընդամենը որպես գյուղատնտեսական կցորդ: Բայց դա դեռ բավարար չէ. Հայաստանը չի դիտվում, այսպես ասած, հիմնական կցորդ: Պարզապես դա առավելագույնն է, որ Մոսկվան պատրաստ է անել Հայաստանի տնտեսության համար: Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ դա առավելագույնն է նաև Հայաստանի կառավարության համար, որ Հայաստանի կառավարությունը չի կարող առաջին հերթին Հայաստանի տնտեսությունը հանել Վերին Լարսի ասեղից, կամ Հայաստանի տնտեսությունը պահող ավելի հուսալի կապեր գտնել, քան Վերին Լարսի՝ տարին մի քանի տասնյակ անգամ կտրվող թելը: Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է կախված մնալ բարակ մի թելից, և եթե այսօր դա Վերին Լարսն է, վաղը կարող է լինել բոլորովին այլ թել, սակայն տնտեսությունը, միևնույն է, շարունակելու է կախված մնալ ու ճոճվել, ոչ թե քայլել գետնի վրա հստակ, հաստատուն: Որովհետև հաստատուն տնտեսական գործընթացների համար պետք է հաստատուն քաղաքական էլիտա, իրական էլիտա, որը քաղաքականությունը չի պատկերացնում ինքնին մի ճոճք աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, այլ առաջնորդվում է հստակ գաղափարական և արժեքային կողմնորոշումներով, որոնց հիման վրա էլ կառուցվում է տնտեսական քաղաքականությունը: Ճոճվող «էլիտան» չի կարող կառուցել չճոճվող, թելից չկախված տնտեսություն, և ընդհանուր առմամբ նաև չճոճվող պետականություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր