3074 դիտում
20:01 27-06-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը գերմանական «Die Tagespost» թերթին
[b]- Հայաստանը ընդունել է քրիստոնեություն 301 թվականին որպես իր պետության և ժողովրդի կրոն: Ինչպե՞ս կնկարագրեիք Քրիստոնեական հավատի դերը Հայաստանի այսօրվա ինքնության մեջ:[/b]
- Քրիստոնեությունը, կրոն լինելուց զատ, պետք է դիտարկվի նաև որպես արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարության ակունքներում: 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու փաստը առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Ինչպես վկայել է պատմությունը, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ հայոց ինքնության անբաժանելի մասը, և պայմանավորված արտաքին ուժերի ճնշման պայմաններում այդ ինքնության պահպանման համար պայքարը վերածվեց նաև պայքարի հանուն արժեհամակարգի և քրիստոնեական հավատի:
[b]- Պատմության գրեթե ողջ ընթացքում Հայաստանին սպառնացել են հարևան գերիշխող ուժերը: Ինչպե՞ս է հայոց ազգային ինքնությանը հաջողվել դիմակայել:[/b]
- Չափազանցություն չի լինի, եթե այսօր աշխարհում գոյություն ունեցող ժողովուրդներին համեմատենք սառցալեռի երևացող հատվածի հետ: Բազմաթիվ ժողովուրդներ վերացել և վերանում են՝ առաջին հերթին պայմանավորված ոչ թե ֆիզիկական վերացման, այլ ինքնության կորուստի և այլ ժողովուրդներին ձուլվելու հետ:
Չնայած տարբեր հզոր տերությունների ավերիչ արշավների և տիրապետության՝ հայոց ինքնությունը պահպանվել է քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնության պահպանմանն ուղղված իր պայքարի շնորհիվ:
[b]- Արդյո՞ք այսօր նույնպես Հայաստանը գոյատևման պայքար է մղում, հրահրված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հարցում:[/b]
- Հայկական տարբեր պետություններ են գոյություն ունեցել հայ ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում: Եղել են նաև տևական ժամանակահատվածներ, երբ հայությունը զուրկ է եղել սեփական անկախ պետությունից: 20-րդ դարում հայ ժողովրդին բացառիկ հնարավորություն ընձեռնվեց երկու անգամ անկախանալու: 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երեք տարի և պարտադրաբար դարձավ բոլշևիկյան Ռուսաստանի մաս՝ ֆեդերատիվ սուբյեկտի կարգավիճակով:
Որպես պատմական Հայաստանի մաս Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների կողմից հիշատակվող Լեռնային Ղարաբաղը (Արցախը) 1918-1921թթ. ուներ սուվերենության բոլոր ատրիբուտները և Ազգերի Լիգայի կողմից ճանաչվել էր որպես վիճելի տարածք: 1921թ. բոլշևիկյան կուսակցական մարմնի որոշումով, ի հակառակ Արցախի ժողովրդի ցանկության, Լեռնային Ղարաբաղը ներառվեց խորհրդայնացված Ադրբեջանի կազմում:
1991թ.՝ դեռևս Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում, և Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում լիովին համապատասխան միջազգային իրավունքին և Խորհրդային Միության սահմանադրությանը, տեղի ունեցան հանրաքվեներ, որոնց հիման վրա ձևավորվեցին ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
ԽՍՀՄ փլուզումից հետո երկու Հայոց պետություններն առաջնորդվում են ժողովրդավարական ուղիով իրենց զարգացումն ապահովելու քաղաքականությամբ: Լեռնային Ղարաբաղն ունի լրացուցիչ խնդիր՝ պայմանավորված 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից ինքնորոշված ԼՂ դեմ ծավալված ագրեսիայի հետևանքները վերացնելու հետ, Ադրբեջանի կողմից ԼՂ հետ շփման գծում մշտական լարվածության պահպանմամբ և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի հետ, ինչի ականատեսը եղանք այս տարվա ապրիլի առաջին օրերին:
ԼՂՀ նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր ողջ կարողություններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձգտում է միջազգային ճանաչմանը, սակայն դեռևս որևէ պետություն, այդ թվում նաև՝ ՀՀ-ն, դե-յուրե չի ճանաչել ԼՂՀ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը չտապալելու համար: Այդ գործընթացի հիմնական տարրերից մեկն է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի զորամիավորումների կողմից իրականացված բարբարոսությունները՝ Լեռնային Ղարաբաղի դպրոցների հրետակոծումը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են աշակերտներ, Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձանց, ներառյալ՝ 92-ամյա կնոջ, դաժան կտտանքների ենթարկվելը և սպանվելը, ԼՂ զինված ուժերի գերևարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատելը, ինչպես նաև նմանօրինակ պատերազմական հանցագործներին Ադրբեջանի նախագահի մակարդակով պարգևատրելը, բացահայտեցին, որ ինչու Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Ադրբեջանի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ, հայտարարելով, որ Հայաստանի տարածքները բաժանում են Թուրքիան և Ադրբեջանը, և որ դրանց պատկանելությունը Հայաստանին պատմական անարդարություն է:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն Լեռնային Ղարաբաղի հարցում լիարժեք սատարում է Ադրբեջանին:
[b]- Որքա՞ն վատթարացած են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև՝ պատմության և թուրք-ադրբեջանական գործընկերության պատճառով:[/b]
- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք. առաջինը՝ 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, ի սատարումն Ադրբեջանի՝ Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության, միակողմանի փակել է Հայաստանի հետ իր սահմանը: Դրանով, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է Եվրոպայի միակ փակ սահմանը:
Հայաստանի նախաձեռնությամբ և միջնորդ պետությունների աջակցությամբ մշակվեցին և 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները: Արձանագրությունները ուղղված էին առանց նախապայմանների քայլ առ քայլ երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Սակայն Թուրքիայի իշխանությունները, առաջ քաշելով նախապայմաններ՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտողականության և Ղարաբաղի հարցում պրո-ադրբեջանական պահանջներ ներկայացնելու հետ, տապալեցին արձանագրությունների վավերացումը: Արդյունքում Թուրքիան, սատարելով Ադրբեջանին, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը և իր հայտարարություններով ավելի է կոշտացնում Ադրբեջանի՝ առանց այն էլ ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Իսկ Ադրբեջանը, իր հերթին, նույնիսկ ավելի կատաղի է ժխտում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության իրողությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, ի պատասխան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ բնակավայրերում իրականացված հայ բնակչության դեմ ջարդերով և էթնիկ զտումներով ապացուցեց, որ հանդիսանում է Օսմանյան կայսրության՝ հայերի դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության շարունակողը:
Այդ համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարը իր երկրի համար մեկ թշնամի է հայտարարել աշխարհի ողջ հայությանը, և հերոսացնում ու պարգևատրում է հայերին սպանած հանցագործներին, ինչը տեղի ունեցավ Բուդապեշտում ՆԱՏՕ զորավարժությունների ժամանակ քնած հայ սպային կացնահարած և ապրիլյան ագրեսիայի ժամանակ գերեվարված հայ զինվորին գլխատած մարդասպանների դեպքում:
Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականությունից հրաժարվելուն հետ մեկտեղ, ստուգում էր Թուրքիայի իրական պատրաստվածությունը Եվրոպայի հետ ինտեգրվելու, Եվրոպական արժեհամակարգը ընդունելու հարցում: Պատահական չէ, որ այդ քննության տապալումը համընկավ Եվրոպական ուղուց Թուրքիայի նահանջով:
[b]- Այսօր ի՞նչ դեր ունի ցեղասպանությունը հայերի ինքնության հարցում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:[/b]
- Ցեղասպանության զոհ դարձան մեկուկես միլիոն հայեր և հարյուր հազարավորներ հայրենազրկվեցին՝ սփռվելով աշխարհով մեկ: Եվ այսօր գրեթե չկա հայ, որի վրա այս կամ այն եղանակով ազդեցություն չի թողել ցեղասպանություն: Ցեղասպանության ցավը ավելի է խորանում այն պատճառով, որ մենք առ այսօր առերեսվում ենք դրա ժխտողականությանը:
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հավատում է, որ իրականացված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը անհրաժեշտ է ոչ միայն ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար՝ որպես արդարության վերականգնում, այլ նաև ողջ մարդկությանը, քանի որ ուղղված է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելմանը:
Պատահական չէ, որ Հայաստանը նախաձեռնեց` Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի կոնսենսուսով ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին յոթ տասնյակից ավելի երկրներ և որի առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի ԳԱ-ն դեկտեմբերի 9-ը հռչակեց՝ որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Բանաձևը ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը դիտում է որպես ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլերին լուրջ խոչընդոտ:
Նույն նպատակին է ծառայում նաև Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում մեկնարկած և պարբերական բնույթ ստացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը վերածվել է ոլորտի մասնագետների և տաբեր երկրների ներկայացուցիչների միջև այդ հիմնախնդրի վերաբերյալ մտքերի փոխանակման հարթակի:
Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը, ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին, համոզված է, որ, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական:
[b]
- Ռուսաստանը, կարծես թե, հանդիսանում է Հայաստանին պաշտպանող ուժը: Սակայն միևնույն ժամանակ, Մոսկվան նպաստում է Ադրբեջանի զինմանը: Ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում:[/b]
- Նախ ընդգծենք, որ պաշտպանության և անվտանգության հարցերում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ապավինում են առաջին հերթին սեփական ուժերին: Միևնույն ժամանակ Հայաստանը տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ իր համագործակցության խորացումը դիտարկում է՝ որպես զսպող գործոն տարածաշրջանում կայունության խախտման դեմ: Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ:
Ռուսաստանը Հարավային Կովկասն ավանդապես համարում է իր ազդեցության գոտին և փորձում է իր շահերից բխող հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանի երկրների հետ: Հավասարակշռված քաղաքականություն վարելը բխում է նաև իր ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը:
Ռուսաստանի միջնորդությամբ էր, որ 1994թ. մայիսին կնքվեց եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հիմքը: Այդ զինադադարը խախտվեց այս ապրիլին՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնած ագրեսիայով: Եվ կրկին Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ վերականգնելու 1994թ զինադադարի ռեժիմը:
[b]- Ի՞նչ քայլեր եք ակնկալում Եվրոպայից՝ կայունության և հայերի ինքնորոշման առնչությամբ:[/b]
- 1991 թվականից ինքնորոշված հայկական երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բարձր են գնահատում Եվրոպական երկրների դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու առնչությամբ: Միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի միջազգային հանրության արձագանքը տարածաշրջանում իրադրության սրման վերաբերյալ լինի հասցեական: Քանի որ Ադրբեջանը ընկալում է Եվրոպական արժեհամակարգին բնորոշ հանդուրժողական հայտարարությունները՝ որպես քարտ-բլանշ իր անհանդուրժող քաղաքականության համար: Հենց այդ ընկալումն էր ընկած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ ծանր զինտեխնիկայի, հրետանու, օդուժի կիրառմամբ վերջին լայնածավալ ագրեսիա սանձազերծման հիմքում:
Եվրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետ կանգնելու մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: Այդ պայմանավորվածություններով նախատեսված ԵԱՀԿ օժանդակությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հետաքննությունների մեխանիզմի ներդրումը հնարավորություն կընձեռնի բացահայտել յուրաքանչյուր միջադեպի դեպքում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողին:
Տվյալ մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային թիմի և կարողությունների ավելացումը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և նոր ռազմական գործողությունների բացառմանը, ինչն անհրաժեշտ պայման է բանակցային գործընթացն արդյունավետ իրականացնելու համար:
[b]- Ի՞նչ եք ցանկանում և ակնկալում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելությունից: [/b]
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը ունի համաքրիստոնեական նշանակություն, քանի որ դա այց է առաջին քրիստոնեական երկիր:
Այն խանդավառությունը, որով հայ ժողովուրդը սպասում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարի ապրիլի 12-ին՝ Սբ. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ ընթացքում, Կաթոլիկ առաջնորդը կիսեց հայ ժողովրդի ցավը՝ կոչ անելով Թուրքիային առերեսվելու իր պատմությանը և իր հարգանքը մատուցելու Հայոց ցեղասպանության ժառանգներին:
Այս այցը նաև առիթ է մեր ողջ ժողովրդի համար, Հայաստանում և Սփյուռքում, մեր երախտագիտությունը հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանության հարցում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար, որը դրսևորվել էր նախքան նրա՝ Հռոմի Պապ ընտրվելը:
Միաժամանակ, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, և, մասնավորապես, Ավստրիային, որի խորհրդարանը 2015թ. ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, համապատասխան բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
[b]- Կարո՞ղ է արդյոք Հռոմի Պապը, ով նաև սեպտեմբերին այցելելու է Վրաստան և Ադրբեջան, նպաստել հարևան երկրների միջև հաշտեցմանը:[/b]
- Որքան էլ որ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը տալ կրոնական բնույթ, դա այդպես չէ. դրա էության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրացման հայտը՝ տնօրինելու իր ճակատագիրը և ապագան, և Ադրբեջանի պատասխանը՝ արտահայտված բռնություններով, էթնիկ զտումներով և լայնամասշտաբ պատերազմով:
Հավատում ենք, որ Հռոմի Պապի այցը Հայաստան, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերին, Վրաստան և Ադրբեջան, հանդուրժողականության և խաղաղության խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան:
Նմանատիպ նյութեր
1799 դիտում
21:36 15-10-2014
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը` «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին
2870 դիտում
21:42 25-02-2015
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին
920 դիտում
20:51 03-03-2015
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը հեռուստածրագրերից մեկին
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը