Կան ինքնաթիռներ, որտեղ օդաչուն անմիջականորեն չի ղեկավարում թռիչքը, այլ միայն հետևում է ղեկավարող սարքերին
Մեր օրերում նոր ինքնաթիռների կոնստրուկտորներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե արագությունները մեծացնելու, այլ դրանք խնայողական դարձնելու վրա։
Նորագույն օդանավերի մեծ մասի արագությունը գրեթե 2 անգամ փոքր է 1960-ական թվականներին ստեղծված հայտնի «Կոնկորդի» արագությունից։
Ներկայումս համակարգիչների օգնությամբ ճարտարագետները մշակել են ավելի մեծ շրջահոսելիություն ունեցող թևեր և ստեղծել զգալիորեն ավելի քիչ վառելանյութ օգտագործող ու ավելի քիչ աղմուկ առաջացնող շարժիչներ։
Ժամանակակից աերոբուսը, օրինակ, ծախսելով նույն քանակությամբ վառելանյութ, փոխադրում է 4 անգամ ավելի ուղևոր, քան «Կոնկորդը»: Ժամանակակից ավիալայներում կարևորագույն նշանակություն ունեն համակարգիչները։
Թռիչքի տարբեր ռեժիմներում ինքնաթիռը ղեկավարող ինքնաղեկասարքը համակարգիչն է։
Կան նույնիսկ այնպիսի ինքնաթիռներ, որտեղ օդաչուն անմիջականորեն չի ղեկավարում թռիչքը, այլ միայն հետևում է ղեկավարող սարքերին, որոնք ազդանշաններ են ուղարկում համակարգչին, իսկ վերջինս արդեն ընտրում է թռիչքի տվյալ ռեժիմին համապատասխան լավագույն լուծումը։
Այս համակարգն անվանում են կանոնակարգային ռեժիմ։