15790 դիտում
23:52 05-06-2016
Մարտին Լյութեր Քինգի սպանության առեղծվածը
Խաղաղության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Մարտին Լյութեր Քինգը 1968թ ապրիլի 2-ին եկավ Մեմֆիս՝ գլխավորելու սևամորթ աղբահավաքների գործադուլային պայքարն ընդդեմ անհավասար աշխատավարձի և աշխատանքային պայմանների: Այդ ժամանակ քաղաքը սևամորթ աշխատողներին ավելի քիչ էր վճարում, քան սպիտակներին: Ապրիլի 3-ին Քինգը ելույթ ունեցավ Մեյսոնովյան տաճարում: Դա Մարտին Լյութեր Քինգի վերջին ելույթն էր: Այն սկսվում է՝ [b]«Ես եղել եմ լեռան գագաթին»[/b] բառերով և ավարտվում է այսպես. [b]«Ոմանք սկսել են խոսել սպառնալիքների մասին... կամ սպառնալիքների մասին, որոնք չեն եղել: Ի՞նչ կարող է պատահել ինձ, մեր հիվանդ սպիտակ եղբայրների պատճառով: Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա հիմա: Առջևում ծանր օրեր են: Բայց դա ինձ չի մտահոգում, քանի որ ես եղել եմ լեռան գագաթին: Ինչպես յուրաքանչյուր ոք, ես ցանկանում եմ երկար կյանք ունենալ: Երկարակեցությունը նշանակություն ունի: Բայց ես այդ մասին հիմա չեմ մտածում: Ես պարզապես ուզում եմ կատարել Տիրոջ կամքը: Նա ինձ թույլ տվեց բարձրանալ լեռան գագաթը: Ես նայեցի շուրջս: Եվ տեսա ավետյաց երկիրը: Հնարավոր է, որ ես չկարողանամ ձեզ հետ հասնել այնտեղ: Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք, որպես ժողովուրդ, հասնելու ենք ավետյաց երկիր: Եվ ես այնքան երջանիկ եմ այսօր: Ոչինչ ինձ չի անհանգստացնում: Ես ոչ ոքից չեմ վախենում: Իմ աչքերը տեսել են Աստծո մեծությունը»:[/b]
[img]/ups/images/0406543001465040543509609.jpg[/img]
[i]Քինգը «Լորեյն» մոթելի երկրորդ հարկի պատշգամբում 1968թ ապրիլի 4-ին[/i]
Ելույթից հետո Քինգը վերադառնում է «Լորեյն» մոթելի 306 համարը: «Լորեյնը» պատկանում էր սևամորթ ձեռներեց Ուոլտեր Բեյլիին (մոթելն անվանվել էր նրա կնոջ անունով): Քինգը դուրս է գալիս բաց պատշգամբ: Այդ պահին նրա կողքին էին նաև սրբազան Ռալֆ Դեվիդ Աբերնեթելին և երաժիշտ Բեն Բրանչը: Վերջինս պետք է ելույթ ունենար երեկոյան համերգի ժամանակ: Քինգ ասաց Բրանչին. «Բեն, երեկոյան համերգի ժամանակ անպայման կատարիր «Վերցրու ձեռքս պատվական Տեր» (Take My Hand, Precious Lord) երգը: Բայց կատարիր այն իրոք շատ լավ»: Դրանք Քինգի վերջին բառերն էին:
[img]/ups/images/0510633001465040573256043.jpg[/img]
[i]Քինգի վրա արձակված կրակոցից հետո[/i]
1968թ. ապրիլի 4-ին, հինգշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 18:01, Քինգը կանգնած էր մոթելի երկրորդ հարկի պատշգամբում: Որոտաց կրակոց: Հրացանից արձակված գնդակը պարանոցի աջ մասից մտնելով, անցավ կոկորդով և կանգ առավ թիկունքում: Քինգն անհապաղ տեղափոխվեց Սբ. Հովսեփի հիվանդանոց, որտեղ բժիշկներ բացեցին կրծքավանդակն ու մերսեցին սիրտը, սակայն ապարդյուն: Նրա մահվան մասին հայտարարվեց ժամը 19:05:
[img]/ups/images/0048350001465040589557619.jpg[/img]
Քինգի սպանության վերաբերյալ նույն օրը ելույթ է ունենում Նյու Յորքի սենատոր Ռոբերտ Քենեդին՝ նախագահական ընտրարշավի ժամանակ Ինդիանայում: Ելույթից առաջ Ինդիանայի ոստիկանապետը հայտարարում է, որ չի կարող անվտանգություն ապահովել, բայց չնայած դրան, Ռոբերտ Քենեդին որոշում է խոսել: Ելույթը տևում է 4 րոպե 57 վայրկյան:
[img]/ups/images/0432309001465040626581993.jpg[/img]
[i]Մարտին Լյութեր Քինգը և Ռոբերտ Քենեդին[/i]
Ռոբերտն առաջինն է հրապարակայնորեն տեղեկացնում ժողովրդին Մարտին Լյութեր Քինգի մահվան մասին: Այդ լուրն ամբոխի կողմից ընդունվում է զայրույթի բացականչություններով: Երբ ամբոխը հանդարտվում է, Ռոբերտ Քենեդին հայտարարում է, որ նույնպես լի է զայրույթով: Հատկապես այն բանի պատճառով, որ ամենայն հավանականությամբ, մարդասպանը եղել է սպիտակ: Եվ լի է նույն հույզերով, որոնք զգացել է եղբոր՝ Ջոն Քենեդիի սպանությունից հետո:
[img]/ups/images/0871059001465040643553555.png[/img]
[i]Ռոբերտ Քենեդին Քինգի վերաբերյալ ելույթ ունենալիս 1968թ. ապրիլի 4-ին Ինդիանայում[/i]
Ելույթի ավարտին Ռոբերտ Քենեդին հայտարարում է, որ երկիրը սպիտակ և սև բնակչության միասնության կարիքն ունի և խնդրում ներկաներին աղոթել Քինգի ընտանիքի և երկրի համար: Ելույթն ամփոփում է հետևյալ նախադասությամբ. «Եկեք նվիրվենք այն բանին, ինչի մասին գրել են հին հույերը շատ դարեր առաջ՝ մարդկային դաժանության սանձահարմանը և բարի ու խաղաղ աշխարհի կառուցմանը»:
[img]/ups/images/0393893001465040698684864.jpeg[/img]
[i]Մարտին Լյութեր Քինգի հուղարկավորությունը[/i]
Քինգի հուղարկավորությանը մասնակցում է 300 հազար մարդ, ինչպես նաև՝ ԱՄՆ փոխնախագահ Հյուբերտ Հեմֆրին: Հնչեցվում է Էբենզերյան բապտիստական եկեղեցում Քինգի վերջին քարոզի ձայնագրությունը: Այդ քարոզում նա ասել էր. [b]«Չեմ ուզում, որ իմ թաղման ժամանակ հիշատակեն պարգևներիս և կոչումներիս մասին, այլ փորձում եմ կերակրել սովյալին, հագցնել մերկին, Վիետնամում պատերազմի վերաբերյալ ազնիվ լինել, սիրել և ծառայել մարդկությանը»:[/b] Մահալիա Ջեքսոնը կատարում է նրա սիրելի օրհներգը՝ «Վերցրու ձեռքս, պատվական Տեր» (Take My Hand, Precious Lord):
[img]/ups/images/0097299001465040714112505.jpg[/img]
[i]Քինգի հուղարկավորությունը (առաջին պլանում Քինգի ընտանիքի անդամներն են:[/i]
Մարտին Լյութեր Քինգի սպանությունից հետո Մեմֆիսի սևամորթ գործադուլավոր աղբահավաքների բոլոր պահանջները բավարարվում են: Քինգի սպանությունը բողոքի և զանգվածային անկարգությունների ալիք է բարձրացնում ԱՄՆ ավելի քան 60 քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Չիկագոյում, Բալթիմորում:
[img]/ups/images/0455241001465040731501878.jpg[/img]
1960-ական թվականներին Վաշինգտոնում քաղծառայողների թափուր հաստիքներում շատ սևամորթներ էին ներգրավված: Քինգի սպանության լուրը տարածվելուց հետո սև թաղամասերում մարդիկ սկսում են դուրս գալ փողոց և հավաք անցկացնել, որը սկզբում խաղաղ բնույթ էր կրում, սակայն հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ամբոխը դուրս է գալիս վերահսկողությունից և սկսում ջարդել խանութների ապակիներն ու թալանել: Քաղաքապետ Ուոլտեր Վաշինգտոնը հրամայում է ուրբաթ լուսաբացին վերացնել անկարգությունների հետևանքները և մաքրել փողոցները ցուցարարներից: Սակայն ուրբաթ առավոտյան ամբոխի տրամադրությունը նույնքան մարտական էր, ինչպես գիշերը: Մի շարք փողոցներում բախումներ են տեղի ունենում ոստիկանության և ցուցարարների միջև: Կեսօրին, ցուցարարները որոշ շենքեր են հրկիզում, սակայն հրշեջները չեն կարողանում հանգցնել կրակը, քանի որ զանգվածային անկարգությունների հետևանքով չեն կարողանում մոտենալ այրվող շենքերին:
[img]/ups/images/0868031001465040749968428.png[/img]
[i]Զանգվածային անկարգություններ Վաշինգտոնում[/i]
20.000 մարդկանցից կազմված ամբոխը ջարդում է 100 հոգանոց ոստիկանական ջոկատը: Նախագահ Լինդոն Ջոնսոնը անհապաղ Վաշինգտոն է ուղարկում 13.600 դաշնային զինվորականների: Ծովային հետևակը Կապիտոլիումի մատույցներում գնդացիրներ է տեղադրում, իսկ 3-րդ հետևակային դիվիզիայի զինվորները ուղարկվում են պահպանելու Սպիտակ տունը: Մի պահ, ապրիլի 5-ի երեկոյան, մոլեգնած ամբոխը բավական մոտենում է Սպիտակ տանը, սակայն ավելի ուշ նահանջում է: Քաղաքապետը պարետային ժամ է մտցնում և արգելում ալկոհոլի և զենքի վաճառքը: Խռովությունները հանդարտվում են ապրիլի 7-ին, կիրակի օրը: Վաշինգտոնւոմ բախումների ժամանակ զոհվում է 12 մարդ, վիրավորվում՝ 1097, ձերբակալվում ավելի քան 6.000 մարդ: Այրվում են մոտ 1.200 շենքեր, որից մոտ 900-ը՝ խանութներ: Խռովությունները լուրջ վնաս են հասցնում Վաշինգտոնի տնտեսությանը: Բազմաթիվ ավերածությունների պատճառով շատ աշխատատեղեր են փակվում, իսկ անշարժ գույթի ապահովագրական գները աննախադեպ բարձրանում են, ինչն իր հերթին հանգեցնում է տների գների աճին: Նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը առաջարկում է ազգային օրացույցում ավելացնել Քաղաքացիական իրավունքների պայքարում զոհվածների հիշատակի օր:
[img]/ups/images/0609533001465040766447864.jpg[/img]
[i]Քինգի սպանությունից հետո բողոքի ցույց Նյու Յորքում[/i]
Բալթիմորթում ցույցերը սկսվում են Քինգի սպանության հաջորդ օրը: Մերիլենդի նահանգապետ Սպիրո Տ. Ագնյուն հուզումները զսպելու համար դուրս է բերում Ազգային գվարդիայի հազարավոր զինծառայողների և մոտ 500 ոստիկանների: Զինվորականների ներկայությունից գրգռվելով ապրիլի 6-ին ցույցերը վերածվում են անկարգությունների: Երբ պարզ է դառնում, որ իրավապահ ուժերը չեն կարողանում վերահսկել ցուցարարներին, նահանգապետը դիմում է նախագահ Ջոնսոնին՝ դաշնային զորքեր ներգրավելու խնդրանքով:
[img]/ups/images/0220902001465040781229407.jpg[/img]
Կիրակի երեկոյան 18-րդ դեսանտային կորպուսի 5.000 դեսանտայիններ, ռազմական ինժեներներ և հրետանավորներ շարվում են Բալթիմորի փողոցներում: 2 օր անց նրանց է միանում նաև թեթև հետևակային մեկ բրիգադ: Զինվորների և ոստիկանների համատեղ ջանքերով ապրիլի 8-ին խռովությունները հանդարտվում են:
Բալթիմորում խռովությունների ժամանակ սպանվում է 6 մարդ, վիրավորվում՝ 700, ձերբակալվում 4500 մարդ, հրդեհվում և թալանվում են ավելի քան հազար շենք, խանութ և գրասենյակ: Նրանց մեծ մասը այլևս երբեք չեն բացվում: Ընդհանուր նյութական վնասը կազում է մոտ 13.5 մլն դոլար:
[img]/ups/images/0529192001465041094726523.jpg[/img]
Զանգվածային անկարգությունները Լուիսվիլում, Կենտուկի, նույնպես կապվում են Քինգի սպանության հետ: 1968թ. մայիսի 27-ին 400-հոգանոց մի բազմություն, հիմնականում սևամորթներ, հավաքվում են Փերկլենդ թաղամասի 28 փողոցի անկյունում: Այս խաչմերուկը, ինչպես նաև ամբողջ Փերկլենդը դարձել էր սև հասարակության կենտրոններից մեկը: Ամբոխի հավաքման պատճառը սև հասարակությանը վերաբերվող մի շարք սոցիալական և իրավական խնդիրներն էին: Սակայն ոստիկանությունն անսպասելի որոշում է ցրել հավաքի մասնակիցներին: Այդ ժամանակ ամբոխի միջից ոստիկանների ուղղությամբ նետվում են շշեր, որոնցից մեկը դիպչում է ոստիկանության կապիտանի դեմքին: Դրանից հետո ցույցը դուրս է գալիս վերահսկողությունից և բախում է սկսվում ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանությունը, այդ թվում կապիտանը նահանջում են, իսկ ցուցարարները շրջում և այրում են ոստիկանության մեքենան: Կեսգիշերին խռովարարները թալանում են մի քանի խանութներ, շրջում մի քանի ավտոմեքենաներ և հրկիզում մի քանի շենքեր: Մեկ ժամ անց քաղաքապետ Քենետ Շմիդտը Ազգային գվարդիայի 700 զինվորականների օգնությամբ քաղաքում հաստատում է պարետային ժամ: Սակայն խռովությունները, թալանն ու հրկիզումները շարունակվում են նաև հաջորդ օրը: Եվ միայն մայիսի 29-ին հաջողվում է կարգուկանոն հաստատել քաղաքում: Պարետային ժամը շարունակվում է մինչև հունիսի 4-ը: Անկարգությունների ընթացքում զոհվում է 2 անչափահաս, պատճառված նյութական վնասը գնահատվում է 200.000 դոլար, ձերբակալվում է 472 ցուցարար:
Մարտին Լյութեր Քինգի սպանության մեջ կասկածվում է Ջեյմս Էրլ Ռեյը: 1959-ին 21-ամյա Ռեյը գողության համար դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, սակայն 1967-ին փախել էր բանտից: Որոշ ժամանակ կեղծ անձնագրով ապրել էր Նյու Մեքսիկոյում, որտեղ զբաղվել էր պոռնոգրաֆիկ ֆիլմեր նկարահանելով: Այնուհետև տեղափոխվելէր Լոս Անջելես և պարի դպրոց բացել:
[img]/ups/images/0297185001465041111669483.jpg[/img]
[i]Ջեյմս Էրլ Ռեյ[/i]
1968-ի մարտի 5-ին բժիշկ Ռասել Հեդլին Ռեյի դեմքի վիրահատություն է կատարում: Մարտի 18-ին Ռեյը «Մուստանգ» ավտոմեքենայով ուղևորվում է Ատլանտա: Մարտի 24-ին հասնում է Ատլանտա: Ատլանտայում այն տանը, որը վարձակալել էր Ռեյը, ոստիկանները հետագայում հայտնաբերում են քարտեզ, որտեղ նշված էին այն եկեղեցիները, որտեղ ելույթ էր ունեցել Մարտին Լյութեր Քինգը և այն հյուրանոցներն ու տները, որտեղ ապրել էր Քինգը: Ատլանտայից Ռեյը «Մուստանգ» Ավտոմեքենայով ողևորվում է Բիրմինգհեմ, Ալաբամա: Այնտեղ մարտի 30-ին գնում է Remington-760 մոդելի Gamemaster հրացան և Aeromarine Supply ընկերության արտադրած 30-06 տրամաչափի 20 հատ փամփուշտ: Բացի այդ նա գնում է Redfield 2x-7x հեռադիտակ, որն ամրացնում է հրացանին:
[img]/ups/images/0791090001465041125568811.jpg[/img]
Խանութի աշխատակցին Ռեյը ներկայանում է Ռաուլ անունով և ասում, թե եղբոր հետ պատրաստվում է որսի գնալ: Գնելով զենքն ու պարագաները, Ռեյը քշում է ետ՝ Ատլանտա: Ճանապարհին Ռեյը թերթ է գնում, որտեղ նշված էր ապրիլի 2-ին Մարտին Լյութեր Քինգի Մեմֆիս ծրագրված այցի մասին: Ռեյը հավաքելով իրերը մեկնում է Մեմֆիս: Մեմֆիսում Ռեյը վարձակալում է տուն «Լորեյն» մոթելի դիմաց: Մարտին Լյութեր Քինգի վրա արձակված կրակոցից հետո Ռեյի վարձած տնից ոչ հեռու ոստիկանությունը հայտնաբերում է փաթեթ, որի մեջ լինում են Ալաբամայից գնված հրացանն ու հեռադիտակը, որոնց վրա՝ Ռեյի մատնահետքերը: Ռեյն ընդգրկվում է կասկածյալների շարքում:
[img]/ups/images/062783900146504114176006.jpg[/img]
Սպանությունից հետո Ռեյը Մեմֆիսից փախչում է Կանադա, Տորոնտո: Մայիսի վերջին Տորոնտոյից թռչում է Լոնդոն: Ջեյմս Էրլ Ռեյը ձերբակալվում է Քինգի սպանությունից երկու ամիս անց, 1968-ի հունիսի 8-ին Լոնդոնի Հիտրոու օդանավակայանում: Ռեյը փորձում էր փախչել Աֆրիկա, օգտագործելով կանադական կեղծ անձնագրիր՝ Ռամոն Ջորջ Սնեյդ անունով: Ռեյն անմիջապես արտահանձնվում է ԱՄՆ, Թենեսի, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվում՝ Մարտին Լյութեր Քինգի սպանության փաստով:
[img]/ups/images/0346745001465041153807280.jpg[/img]
[i]Ռեյի ձերբակալությունը Լոնդոնի օդանավակայանում 1968թ. հունիսի 8-ին[/i]
1969թ. մարտի 10-ին, իր 41-ամյակի օրը Ջեյմս Էրլ Ռեյը դատարանում խոստովանում է, որ ինքն է սպանել Մարտին Լյութեր Քինգին: Դատարանը Ռեյին մեղավոր է ճանաչում և դատապարտում 99 տարվա ազատազրկման: Սակայն 3 օր անց Ռեյը անակնկալ հրաժարվում է խոստովանությունից և հայտարարում, որ ինքը չի սպանել Քինգին, այլ ոմն Ռաուլ: Այնուհետև Ռեյը բողոքարկում է վճիռը: Սակայն Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ է թողնում:
[img]/ups/images/031373100146504118062657.jpg[/img]
[i]Ջեյմս Էրլ Ռեյը դատավարության ժամանակ[/i]
Հետագայում Ռեյը մի քանի անգամ ևս բողոքարկում է, սակայն ապարդյուն: 1977թ. հունիսի 10-ին Ռեյը և վեց այլ բանտարկյալներ փախուստի են դիմում Թենեսիի Պետրոս քաղաքի բանտից: Հունիսի 11-ին ՀԴԲ-ն հայտարարում է հետախուզում: Հունիսի 13-ին բոլոր 7 փախստկան դատապարտյալները բռնվում և վերադարձվում են բանտ: Ռեյի պատժաչափին ավելացվում է ևս մեկ տարի:
Մի քանի տարի անց Ռեյը դարձյալ հայտարարում է, որ չի սպանել Քինգին, այլ ոմն Ռաուլը: Ռեյի փաստաբան Ջեկ Քերշոուի պահանջով անցկացվում է ձգաբանական (բալիստիկ) փորձաքննություն, որի արդյունքում ոչինչ չի պարզվում: Դրանից հետո Ջեկ Քերշոուն պահանջում է անցկացնել ստի դետեկտորի փորձաքննություն: Ռեյը պետք է պատասխաներ «Փլեյբոյ» (Playboy) ամսագրի հարցերին, սակայն պատասխանները փորձաքննության էին ենթարկվելու ստի դետեկտորով: «Փլեյբոյ» ամսագիրը հրապարակում է ստի դետեկտորով անցկացված հարցազրույցը, որտեղ պարզվում է, որ Ռեյն է սպանել Մարտին Լյութեր Քինգին և դա արել է միայնակ: Այդ հրապարակումից մի քանի օր անց Ռեյը հայտարարում է, որ նենգափոխվել են ստի դետեկտորի արդյունքները. Ինքը չի սպանել Քինգին, իսկ իր փաստաբան Քերշոուին կաշառել են այդ կեղծիքը թաքցնելու համար:
[img]/ups/images/0782629001465041192825053.jpg[/img]
[i]Ռեյը ստի դեկտեկտորով պատասխանում է «Փլեյբոյ» ամսագրի հարցերին[/i]
Ջեյմս Էրլ Ռեյը մահացավ 70 տարեկան հասակում 1998թ. ապրիլի 23-ին Նեշվիլի հոսպիտալում, լյարդի երկարատև հիվանդությունից: Նրա մահվան կապակցությամբ Քինգի երեք երեխաներն ու կինը՝ Կորետա Սկոտ Քինգը, հանդես եկան ցավակցական հայտարարությամբ. [b]«Սա ողբերգություն է ոչ միայն պարոն Ռեյի ընտանիքի համար, այլև ամբողջ ազգի: Ամերիկայում այլևս չի գա այն օրը, երբ նոր դատավարություն կանցկացվի Ռեյի գործով, դատավարություն, որը կարող էր լուծել Մարտին Լյութեր Քինգի սպանության առեղծվածը և ապացուցել Ռեյի անմեղությունը»:[/b]
[img]/ups/images/055423500146504116619636.jpg[/img]
[i]Մարտին Լյութեր Քինգը կնոջ՝ Կորետա Սկոտ Քինգի հետ[/i]
1999թ.-ին, Քինգի այրին՝ Կորետա Սկոտ Քինգը Թենեսիի դատարան հայց է ներկայացնում Մեմֆիսի մի ռեստորանի սեփականատեր Լոյդ Ջոուվերսի դեմ՝ նրան համարելով Ռեյի դեմ դավադրության մասնակից: Ջոուվերսը 1968 ապրիլին իր ռեստորանում տեսել էր Ռեյին, ինչի մասին վկայություն էր տվել Մարտին Լյութեր Քինգի սպանության գործով քնինչներին: Դոկտոր Վիլյամ Փեփերը Քինգի ընտանիքի անունից հայտարարում է, որ Ջեյմս Էրլ Ռեյը Մարտին Լյութեր Քինգի սպանությանն առնչություն չունի: Փաստաբանները ներկայացնում են 4000 էջ փաստարկներ և վկայություններ: Սակայն դատարանն անփոփոխ է թողնում Ռեյի նկատմամբ մեղադրանքը, իսկ Լոյդ Ջոուվերսը տուգանվում է 100 դոլարով՝ հօգուտ Քինգի իրավահաջորդների:
[img]/ups/images/0358671001465041212991494.jpg[/img]
[i]Մարտին Լյութեր Քինգի գերեզմանը, Մարտին Լյութեր Քինգի հիշատակին կառուցված բապտիստական եկեղեցին:[/i]
Մարտին Լյութեր Քինգի պայքարի շնորհիվ ԱՄՆ-ում վերացվեց քաղաքացիական անհավասարությունը և ԱՄՆ-ը դարձավ հզոր գերտերություն: Մարտին Լյութեր Քինգը 20-րդ դարի մեծագույն մարդկանցից մեկն է, նշանակալի ազդեցություն է ունեցել մարդկության զարգացման և առաջընթացի վրա: Նրա սպանության առեղծվածի վերաբերյալ հասարակական վեճերը մինչև այսօր շարունակվում են: ԱՄՆ-ում ամեն տարի հունվարի երրորդ երկուշաբթի օրը նշվում է Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրը: Այն ազգային տոն է և ոչ աշխատանքային օր:
[img]/ups/images/084976100146504123646295.jpg[/img]
[i]Մարտին Լյութեր Քինգի արձանները ԱՄՆ-ում[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
4013 դիտում
08:28 05-04-2018
Նյու Յորքում հարգել են Մարտին Լյութեր Քինգի հիշատակը. «Ամերիկայի ձայն»
3793 դիտում
13:04 17-01-2017
Մայամիում Մարթին Լյութեր Քինգի օրը տոնելու ժամանակ կրակոցներ են հնչել. կան վիրավորներ
3875 դիտում
16:10 04-11-2017
Մարտին Լյութեր Քինգը կապ է ունեցել կոմունիստների հետ, մասնակցել օրգիաների և ունի երեխա. ՀԴԲ-ի գաղտնազերծումը
Այս բաժնից
3634 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում