3613 դիտում
17:00 04-06-2016
Կազանում շարունակվել է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը
Հունիսի 3-ին Կազանում ավարտեց աշխատանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը,
Նիստի շրջանակներում Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը հանդիպել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջպետական, ինչպես նաև, տարածաշրջանային մակարդակով երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Խորհրդարանականները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի հետագա ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել Թաթարստանի բազմազգ հասարակությանը հուզող խնդիրներին : Հայ խորհրդարանական պատվիրակությունը Թաթարստանի խորհրդարանում մասնակցել է աշխատանքային ընդունելության, ինչպես նաև՝ այցելել Թաթարստանի հանրապետության Պառլամենտարիզմի թանգարան, որտեղ Հայ- ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը գրառում են կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի երկրորդ մասի օրակարգի գլխավոր թեման եղել է հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները և համագործակցությունը, այդ թվում՝ ուսումնասիրելով Թաթարստանի օրինակը:
Նիստին մասնակցել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինը, երկրի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիևը, կառավարության փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը:
Թաթարստանի խորհրդարանի նախագահը իր ողջույնի խոսքում հայաստանցի գործընկերներին ներկայացրել է երկրի տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքի մանրամասները` կենտրոնանալով ազգամիջյան ասպեկտների վրա: Հանդիսանալով Թաթարստանի բազմազգ ժողովուրդների Վեհաժողովի նախագահ` Ֆարիդ Մուխամեդշինը բարձր է գնահատել Թաթարստանում ապրող մեծաթիվ հայկական համայնքի դերը երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում, մասնավորապես նշելով. ,,Այսօր Թաթարստանում ապրում են 7000-ից ավելի հայեր, ովքեր հնարավորություն ունեն հաճախելու կիրակնօրյա կրթօջախներ, պահպանելու մայրենի լեզուն, մշակույթը, պատմությունն ու ավանդույթները, և իրենց ակտիվ գործունեությամբ նրանք այսօր մեծապես նպաստում են Թաթարստանի և Հայաստանի հայերի, ինչպես նաև, երկու ազգերի բարեկամության ամրապնդմանը,,:
Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում հանձնաժողովի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Թաթարստանի Հանրապետության միջև համագործակցության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հեռանկարները, այդ թվում` տնտեսական ազատ գոտիների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրվել է վերջին տասը տարիներին Թաթարստանի տնտեսական հնարավորությունները և այսօրվա նվաճումները նավթաքիմիական , բժշկական, մեքենաշինական սարքավորումների արտադրության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Խորհրդարանականները կարևոր են համարել վերջին շրջանում Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների անցկացումը ոչ միայն մայրաքաղաքներում, այլ մարզերում, ինչն առավել նպաստում է միջտարածաշրջանային տնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Նիստի օրակարգում քննարկվել են նաև հանձնաժողովի 25-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական տարածության մեջ, ինչպես նաև՝ 5-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի և Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 28-րդ նիստին առնչվող կազմակերպչական խնդիրներ: Հայ խորհրդարանականները առաջարկել են հերթական հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:
Միջխորհրդարանական 27-րդ նիստի աշխատանքները ամփոփվել են հրավիրված մամուլի ասուլիսում, որի ընթացքում Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը. ,,Կարծում եմ աշխարհը ևս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսևորումների` նույնիսկ առանձին երկրների համար ամենածանր դեպքերի նկատմամբ արդարացի մոտեցումը` միակ ճանապարհն է, որով ընդհանրապես մարդկությունը պետք է առաջ շարժվի: Եթե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունները որևէ երկրում երբևէ չկրկնվեն, ապա հարկավոր է , որ այսօր բոլորս` քաղաքական ուժերը, պետությունները, կատարված սխալները ընդունելու քաղաքական կամք և քաղաքացիական համարձակություն ունենան,,:
Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինը իր հերթին կարևորել է ժողովրդական դիվանագիտությունը, ընդգծելով, որ միջխորհրդարանական նման շփումները թույլ են տալիս ավելի սերտորեն ծանոթանալու և ամրապնդելու հարաբերությունները տարբեր մակարդակներում` քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր:
Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականները այցելել են Կազան քաղաքի պատմամշակութային կենտրոն , Թաթարստանի ժողովուրդների բարեկամության տուն-թանգարան, հանդիպել Թաթարստանում բնակվող հայկական համայնքի ակտիվի հետ, որի ընթացքում պատվոգրեր հանձնել Ռուսաստանի հայերի միության Կազանի հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Միքայել Խաչատությանին և Թաթարստանի Ամետևսկի հայկական համայնքի նախագահ Վոլոդյա Մելքոնյանին:
Հունիսի 4-ին Հայկական խորհրդարանական պատվիրակությունը այց է կատարել Թաթարստանի հանրապետության Լաիշևյան մունիցիպալ մարզ, որտեղ մասնակցել է ,,Սաբանտույ,, կոչվող ազգային տոնին:
Հայ խորհրդարանականները Հայաստան կվերադառնան հունիսի 5-ին:
Նմանատիպ նյութեր
851 դիտում
11:44 06-06-2014
ԱԺ պատվիրակությունը մասնակցեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին
1649 դիտում
19:48 15-05-2019
Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին