211652_close_icon
views-count1438 դիտում article-date 18:40 01-06-2016

ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի պատասխանը լրատվական գործակալության հարցին

ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին. [b]Հարց[/b]. Ադրբեջանում պնդում են, թե Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները։ [b]Վահրամ Կաժոյան.[/b] Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներքո կազմակերպության կողմից փաստահավաք տեխնիկական առաքելություն ուղարկելուն, իրականությանը չեն համապատասխանում: Մինչդեռ Ադրբեջանը, չնայած բազմաթիվ կոչերին, մինչ օրս մերժում է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը, ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին ընդունված բանաձևի պահանջը՝ ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ICOMOS-ի կողմից համատեղ փաստահավաք առաքելությունը Նախիջևան՝ Ջուղայի «տարածքն ուսումնասիրելու և արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով»: 1998-2006թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրին Ջուղայի հայկական գերեզմանոցի` 9-ից 16-րդ դդ. թվագրվող, մշակութային բարձր արժեք ներկայացնող, հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը, իսկ տարածքը Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի: Այս բարբարոսությունը տեսանկարահանվել է։ Ջուղա այցելել և տեղում իրավիճակին ծանոթանալ Բաքուն արգելում է ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին: Ըստ փորձագիտական գնահատականների՝ այսօր Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները: Ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետական հոգածության ներքո, ինչում համոզվել են բազմահազար այցելուները ԼՂ-ում գտնվելու ընթացքում:

Նմանատիպ նյութեր