211652_close_icon
views-count1597 դիտում article-date 18:28 01-06-2016

Մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա. Տարոն Մարգարյան.

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ևս օրվա շրջանակում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: Քաղաքապետը շրջել է այգում, զրուցել ծնողների հետ ու շնորհավորել է մանուկներին՝ մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն: Օգտվելով առիթից` ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնական բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման և փոքրիկների համար տոնական տրամադրություն ապահովելու համար:  Պատասխանելով լրագրողների հարցերին` Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուրի համար էլ ծնողների մշտական հոգատարությունը հաճելի է ու սպասված: «Անկեղծ ասած, երեխաների տոնը ես համարում եմ անխտիր բոլորիս տոնը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա: Ու հատկապես հայերիս դեպքում այս զգացողությունն առավել ընդգծված է, քանի որ մենք՝ որպես ծնող, երբեք չենք դադարում հոգ տանել մեր երեխաների մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն մեր երեխան ինքն է ծնող ու իր զավակներն ունի: Իմ խորին համոզմամբ, սա մեր ազգային այն լավագույն առանձնահատկություններից մեկն է, որը, հուսամ, երբեք չենք կորցնի: Ընդ որում, ծնողներ- երեխաներ այդ կապը նաև արտահայտվում է երկրի ու պետության հանդեպ սիրո տեսքով: Եվ մենք պետք է այդ ավանդույթները փոխանցենք մեր երեխաներին, որպեսզի նրանք ևս շարունակեն մեր երկրի ու պետության հզորացումը»,- նշել է քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի 2014-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում այսօր Երևանի սիրված հանգստի այս գոտին դարձել է գրավիչ ու հարմարավետ: Տեղում մանրակերտի վրա Երևանի քաղաքապետին են ներկայացվել Կենդանաբանական այգու վերակառուցման երկրորդ փուլի ծրագրի մանրամասները: Արդեն այս տարի կմեկնարկի արջերի և գայլերի ընդհանուր ազատավանդակի ընդլայնումը, ընդ որում այսօրվա 1250 քմ-ի փոխարեն այն կդառնա 5550 քմ: Բացի այդ, նախատեսված է նաև շուրջ 3000 քմ մակերեսով առյուծների ընդարձակ ազատավանդակի կառուցումը: Շուրջ 5000 քմ մակերես էլ կզբաղեցնի թռչունների նոր ազատավանդակը, որի շրջանակում կտրվեն այնպիսի լուծումներ, որ այցելուները հնարավորություն ունենան հայտնվել թռչյունների հետ նույն տարածքում: «Այսօր իսկապես կարող ենք փաստել, որ Երևանի կենդանաբանական այգին տարածաշրջանում լավագույն կենդանաբանական այգին է և բոլորն այսօր շատ ավելի մեծ հաճույքով են այցելում այգի, քան նախկինում: Մենք դեռևս այգու զարգացման ծրագրի միայն առաջին փուլն ենք ավարտել և առաջիկայում նախատեսում ենք սկսել 2-րդ փուլը: Վստահեցնում եմ բոլորիդ, որ ծրագրի իրականացման արդյունքում այգում գերակշռելու են մեծ և ընդարձակ կենդանավանդակները, ինչը հնարավորություն կտա այցելուներին առավել բնական միջավայրում և ավելի հարմարավետ հարթակներից տեսնել կենդանիներին: Ի դեպ, տոնի առիթով այսօր հաճելի անակնկալ ենք մատուցել մեր բոլոր համաքաղաքացիներին և կենդանաբանական այգու այսօրվա այցելուներին: Ողջ օրվա ընթացքում այգու մուտքը բոլորի համար լինելու է անվճար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Կենդանաբանական այգու տարբեր հատվածներում կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր ամենուր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր