211652_close_icon
views-count4620 դիտում article-date 02:33 26-05-2016

Հենրիխ Մխիթարյան․ Այժմ ամբողջությամբ կենտրոնացած եմ հավաքականի խաղերի վրա

Այսօր ԱՄՆ-ում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպեցին լրագրողների հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սկզբից Վարուժան Սուքիասյանը և Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեցին ընկերական հանդիպումների կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ խաղերի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, այնուհետև լրագրողները հարցերն ուղղեցին Հենրիխ Մխիթարյանին։ [b]- Ձեր կարծիքը Գվատեմալայի հավաքականի մասին [/b] - Ճիշտն ասած՝ դեռ չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավականին ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինամերիկյան թիմերի դեմ։ Սա կարևոր է մեզ համար, որովհետև, հնարավոր է, շատ փորձարկումներ լինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույն կերպով ներկայանալ հանդիպումներին։ [b]- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: [/b] - Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն կարծում եմ՝ պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում։ [b]- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք նոր են սկսում իրենց խաղային կարիերան։ [/b] - Առաջին հերթին կարող եմ ասել, որ ցանկացած մարդ պետք է պայքարի՝ իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը։ Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից։ [b]- Ի՞նչ նորություններ կան Ձեր՝ այլ թիմ տեղափոխվելու կապակցությամբ: [/b] - Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին։ [b]- Եվրոպական հավաքականներից ու ՞մ շանսերն եք ավելի բարձր գնահատում Եվրո-2016-ի ժամանակ։ [/b] - Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա։ [b]- Հնարավո՞ր է երբևէ հանդես գաք Լոս-Անջելեսում։ [/b] - Շատ եմ մտածել այդ մասին։ Հնարավոր է՝ մի օր հանդես գամ այստեղ և վստահ եմ, որ մարզադաշտում կզգամ հայերի աջակցությունը։ [b]- Ի՞նչ պատգամ ունեք Լոս-Անջելեսի հայությանը շաբաթ օրը կայանալիք խաղի համար։ [/b] - Մեզ համար շատ կարևոր է և հաճելի գտնվել այստեղ։ Առավել կարևորում եմ այն փաստը, որ հանդիպումները լինելու են բարեգործական բնույթի, իսկ հասույթը տրամադրվելու է զանազան հիվանդություններ ունեցող և անօթևան երեխաների հիմնադրամին Հայաստանում։ Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, իսկ մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով։

Նմանատիպ նյութեր