211652_close_icon
views-count3422 դիտում article-date 13:22 21-05-2016

Արժանահիշատակ է Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ. Էդվարդ Նալբանդյան

Այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցումն, իսկապես, մեծ և պատասխանատու քայլ էր մեր պետության համար։ Տասնամյա նորանկախ պետությունը մաս էր կազմելու մի կազմակերպության, որն իր մեջ ներառում է գրեթե ողջ Եվրոպան, ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և բոլոր անդամների համար ընդհանուր հանձնառությունների վրա հիմնված արժեհամակարգ: Ընդ որում անդամակցում էր ոչ թե զուտ այն հանգամանքի բերումով, որ մայրցամաքի մաս էր կազմում, այլ քանի որ ստանձնում էր մի շարք պարտավորություններ, որոնք կազմում են Եվրոպայի խորհրդի հիմնասյուները մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում: Այսուհետ Հայաստանը Եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալու հայտ էր ներկայացնում` ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, այլև այդ արժեհամակարգի նկատմամբ հավատարմությամբ: Տարիների խորքից նայելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին` անվերապահ կարելի է նշել, որ Հայաստանը պատվով կատարեց իր առջև դրված առաքելությունը: ԵԽ-ին Հայաստանի անդամակցությամբ նախատեսված իրավական պարտավորությունները վերաբերում էին մի շարք կոնվենցիաների ստորագրմանը, օրենքների ընդունմանը կամ լրամշակմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հենց այս պարտավորությունների հիմքով է ստեղծվել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ներդրվել այլընտրանքային ծառայությունը։ Արժանահիշատակ է Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումների շուրջ Հանձնաժողովի հետ մեր սերտ փոխգործակցությունը, որի արդյունքում այս հեղինակավոր կառույցի կողմից բարեփոխումների նախագիծը գնահատվեց որպես «չափազանց բարձր որակի» և «միջազգային չափանիշներին համապատասխան»։ Հայաստանն, իսկապես, լուրջ առաջընթաց է գրանցել իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ ԵԽ-ն բազմիցս է նշել այս փաստը և ընդգծել, որ մեր երկիրը վստահ քայլերով ամրապնդում է իր ժողովրդավարությունը։ Կառույցը հետևողականորեն դիտարկում է Հայաստանում ընթացող գործընթացները, բարեփոխումները մոնիտորինգային մարմինների՝ ԵԽ նախարարների կոմիտեի ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքի միջոցով։ Միայն վերջերս ԵԽ նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որտեղ ողջունեց մեր երկրի կողմից գրանցված կայուն առաջընթացը և Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հետագա բարեփոխումները։ Անդամակցության 15 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մասը և ակտիվ դերակատարը։ Եվրոպայի խորհրդի շրջանակներում, որպես դրա անդամ, Հայաստանն օգտվում է կազմակերպության ներկայացրած հնարավորություններից՝ առաջ մղելու մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող բարեփոխումները, որոնք հիմնված են մեր գերակայությունների վրա և ծառայում են մեր ժողովրդի շահերին: Այս առումով համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև Գործողությունների ծրագրերը գործնականորեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Պատահական չէ, որ այսօր ազդարարավելու է Գործողությունների արդեն երրորդ ծրագրի մեկնարկը: Այն ներառում է տասնյակ նախագծեր՝ արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Ինչպես նախորդներում, այնպես էլ այս Գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին։ 2013թ. մեր պետությունը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայաստանը կանգնեց եվրոպական խոշորագույն կազմակերպության ղեկին, ինչը կարևոր առաքելություն էր, նաև՝ հնարավորություն ու պատասխանատվություն: Հայաստանի նախագահությունը պսակվեց հաջողությամբ, ինչը բազմաթիվ առիթներով հաստատել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, կառույցների ղեկավարները և անդամ երկրները։ Նախագահության շրջանակներում Հայաստանում կայացան 13 խոշոր միջազգային համաժողովներ, տասնյակ միջոցառումներ։ Վեց ամիս շարունակ Հայաստանն էր Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքի քննարկումների նախաձեռնողը և թեմաների առաջադրողը, որոնք այժմեական էին և վերաբերում էին Եվրոպայի համար հրատապ նշանակություն ունեցող այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսությունը, ժողովրդավարական հասարակությունների զարգացումը, «եվրոպական ճարտարապետությունում» Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդումը և այլն։ Այս հարցերի շուրջ քննարկումներն առաջ մղելու և դրանք գործնական հունի մեջ դնելու համար վեց ամիս շարունակ մենք սովորականից առավել սերտորեն և, կարելի է ասել, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով համագործակցում էինք ԵԽ գլխավոր քարտուղարի, քարտուղարության ստորաբաժանումների, ԵԽԽՎ-ի, Կոնգրեսի, մարդու իրավունքների հանձնակատարի հետ, որոնց մենք շնորհակալ ենք մեր առաջնահերթությունների առաջ մղման, շարունակական աջակցության համար։ Իր նախագահության ընթացքում Հայաստանն աշխատում էր կազմակերպության գործառույթների ամրապնդման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել ԵԽ արդյունավետությունը մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում։ Հայաստանի նախագահությունն իր ներդրումն ունեցավ տարբեր միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ Եվրոպայի խորհրդի փոխհարաբերությունների ընդլայնման մեջ, որը միտված էր նույն ոլորտներում գործող կազմակերպությունների միջև աշխատանքների առավել համադրմանը և արդյունավետության բարձրացմանը։ Չի կարելի թերագնահատել հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների դերակատարությունը։ Ի վերջո հենց մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն ու հարգանքն է ընկած շատ հակամարտությունների լուծման առանցքում։ Այս առումով Եվրոպայի խորհուրդը կարևոր առաքելություն պետք է իրականացնի։ Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է մարդու իրավունքներից կարևորագույնի՝ կյանքի իրավունքի համար, որն այս պարագայում հնարավոր է ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։ Ընդգծեմ, որ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԽ գլխավոր քարտուղարը, Նախարարների կոմիտեն։ Այս առումով չեմ կարող չանդրադառնալ ԵԽԽՎ որոշ պատգամավորների ապակառուցողական նախաձեռնություններին։ Քանի որ բազմիցս առիթներ ունեցել եմ ներկայացնելու մեր տեսակետը, կսահմանափակվեմ միայն ևս մեկ անգամ ընգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը։ Այս իրական վտանգի մասին բարձրաձայնել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության տասնհինգ տարիները նշանավորվել են մեր երկրում իրականացվող բարեփոխումներում և եվրոպական արժեհամակարգի որդեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Եվրոպայի խորհրդի հետ մշտական ու սերտ համագործակցությամբ, ինչպես նաև՝ կազմակերպության կառույցներում Հայաստանի ակտիվ ու արդյունավետ ներգրավվածությամբ։ Համոզված եմ, որ այս բեղմնավոր փոխգործակցության ավանդույթները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել։ [b][b]ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ[/b][/b]

Նմանատիպ նյութեր