Ոսկե մրցանակ` Երևանի քաղաքապետարանին և ՀՀ կառավարության մրցանակներ` քաղաքապետարանի ենթակա կառույցներին
ՀՀ կառավարության որոշմամբ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով ամեն տարի մրցանակաբաշխություն է կազմակերպվում:
Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության և մասնավորապես զարգացման ծրագրերի հիմքում մշտապես կարևորում է միջազգային չափանիշների ներդրման և կիրառման քաղաքականությունը: Ըստ այդմ, ազգային և միջազգային ստանդարտացման աշխատանքներին ակտիվ մասնակցության և համագործակցության համար Երևանի քաղաքապետարանին հանձնվել է ոսկե մրցանակ:
2015 թվականի մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվել են 2016 թվականի ապրիլի 27-ին: Մրցանակակիր 10 ընկերություններից երկուսը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններ են:
Ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության մրցանակներ են շնորհվել Երևաննախագիծ ՓԲԸ-ին և Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: