211652_close_icon
views-count2615 դիտում article-date 17:57 19-04-2016

Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել համաժողովը, արժեւորել այն՝ որպես երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված միջոցառում: Խոսելով երկրների անվտանգության եւ բարեկեցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ տարածաշրջանի համար այս պահին անվտանգության եւ բարեկեցության սպառնալիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: Ադրբեջանը՝ որպես անմիջական ռազմական ագրեսիա սանձազերծող, իսկ Թուրքիան` աշխարհում միակ պետությունը, որն Ադրբեջանին այդ հանցավոր արարքներում աջակցում է, ինչպես նաեւ Հայաստանի հետ փակ պահելով սահմանները` պահում է փաստացի շրջափակման մեջ վերջինիս: Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիրները լուծելու միակ ճանապարհը մշտապես տեսել ու տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման շրջանակում, Արցախի հարցում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակում եւ միջազգային մարդասիրական կանոններին համապատասխան: Նա փաստել է նաեւ, որ Ադրբեջանի իշխանությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, խնդրի կարգավորման համար մերժելով թե՛ Մինսկի խմբի եւ թե՛ միջազգային մարդասիրական բոլոր կանոնները: Ասուլիսի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիան այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ազատ, անվտանգ ու անկախ ապրելու իրավունք ունի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր