211652_close_icon
views-count4829 դիտում article-date 19:20 10-04-2016

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն իրենց ռուս հասակակիցների հետ մասնակցեցին առցանց գիտաժողովի

«Ժամանակակից հասարակության զարգացման հիմնախնդիրները. պատմական, սոցիալական, քաղաքական և իրավական ասպեկտներ» խորագրով գիտաժողովի նախաձեռնողը Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնն էր, իսկ ռուս գործընկերները ներկայացնում էին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի հաղորդակցման ուղիների Ուրալի պետական համալսարանը: Գիտաժողովի կազմակերպիչներն ընտրել են այնպիսի թեմա, որի մեջ կընդգրկվեն հնարավորինս շատ ուսումնասիրություններ: ԵՊՀ-ից մասնակցում էին 8, իսկ ռուսական բուհի փիլիսոփայության և պատմության ֆակուլտետից 7 հոգի: Զեկուցումներն էլ վերաբերում էին երկու հասարակությունների միջև կապերին տարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, պատմական անցյալ ու ներկա, քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքներ և այլն: «Մենք մեր ռուս գործընկերների հետ համատեղ անցյալ ենք ունեցել, ինչն այսօր օգնում է նույն լեզվով խոսել և ծառացած քաղաքական խնդիրների համար համատեղ լուծումներ փնտրել»,- գիտաժողովի սկզբում նշեց կազմակերպիչ, Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ Աշոտ Ենգոյանը՝ հույս հայտնելով, որ գործընկերային ջերմ հարաբերությունները կշարունակեն նաև ուսանողները: Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն էլ ասում է՝ մեր օրերում ֆինանսական առումով բավականին բարդ է միջազգային գիտաժողով կազմակերպելը՝ ֆիզիկական ներկայություն ապահովելով: «Այսօր առցանց գիտաժողովները շատ տարածված են: Նախ առաջին հերթին մագիստրանտը, ասպիրանտը կարողանում են ինքնադրսևորվել. ներկայացնում են գիտական աշխատանքներ, այն էլ՝ օտար լեզվով: Նրանք կարողանում են իրենց հմտություններն ու գիտելիքները համեմատել այլ երկրի իրենց հասակակիցների հետ: Ի վերջո, առանց այսպիսի միջոցառումների՝ գիտակրթական կյանքը դառնում է միօրինակ ու տանում է լճացման»,- նշում է պարոն Քեռյանը: Նշենք, որ գիտաժողովից հետո ներկայացված բոլոր զեկուցումները գիտական հոդվածների տեսքով տեղ կգտնեն ժողովածուում, որի հրատարակման բոլոր ծախսերն իր վրա կվերցնի ռուսական կողմը: «Ուսանողների ու մագիստրանտների համար սա լավ հնարավորություն է շփվելու իրենց ապագա գործընկերների հետ, իսկ ասպիրանտների համար՝ արտերկրում տպագրված գիտական աշխատանք ունենալու»,- հավելում է Քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի դասախոս Ստելլա Ջանգոզյանը:

Նմանատիպ նյութեր