211652_close_icon
views-count1203 դիտում article-date 23:27 25-04-2019

ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպում է ունեցել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ այցելեցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի և ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանի ուղեկցությամբ, ինչի շրջանակներում տեղի ուենցավ հանդիպում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունից հետո սեփական սահմանափակ ռեսուրսներով դիվանագիտական ծառայության կայացման գործում իր ուրույն ավանդն է բերել նաև Մայր բուհը: Նախարարը հույս հայտնեց, որ համալսարանի և նախարարության միջև հաստատված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այն մեծ պատասխանատավություն և նվիրվածություն պահանջող, միևնույն ժամանակ՝ ստեղծագործ աշխատանք է: Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, ընդգծեց, որ վերջին 27 տարիների ընթացքում Հայաստանը կառուցել է իր անվտանգության ճարտարապետությունը, որը հիմնված է համապարփակ և համագործակցային անվտանգության սկզբունքի վրա՝ ներառելով ռազմաքաղաքական անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի պետական և հասարակական կառույցների, տնտեսական և սոցիալական զարգացման անվտանգությունը: Անդրադարձ կատարելով տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներն ու մոտեցումները, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողների մի շարք հարցերին։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և օգտակար դասախոսության համար՝ նշելով, որ այս կերպ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին առաջին ձեռքից: Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 20-ամյակի կապակցությամբ պ.գ.դ, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանին և պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանին պարգևատրեց ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալներով: Վերջինիս հաջորդեց ՀՀ ԱԳՆ և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությունը։

Նմանատիպ նյութեր