9868 դիտում
16:57 31-03-2016
«Զվարթնոցում» օդանավը պայթեցնելու մասին կեղծ ահազանգի հեղինակը էլ.հասցեն ստեղծել էր ադրբեջանական օպերատորի IP հասցեից
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երևան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։ ՀՀ իրավասու մարմինների կողմից պատշաճ իրականացված գործողությունների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն կեղծ է, և Երևանի քննչական վարչությունում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործով մշակվել է քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների մասին պլան, և ձեռնարկվել բազմածավալ գործողություններ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում պարզվել է, թե երբ, որ երկրի ինտերնետային օպերատորի օգտատիրոջ կողմից է ստեղծվել այն էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել է նամակը, և հետքերը քողարկելու ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվել։
Մասնավորապես՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային հասցեն ստեղծել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից օգտված անձը, ով ինտերնետային ցանցին հասանելիություն է ձեռք բերել երրորդ երկրի սերվերի միջոցով (երկիրը պարզվել է)։ Պարզվել են նաև ադրբեջանական տվյալ IP հասցեի օգտատիրոջ իրականացրած մի շարք այլ գործողությունները, որից հետո դադարեցվել է երրորդ երկրի IP հասցեի միջոցով ինտերնետին համակցումը։
ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ։
Քրեական գործով այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/24/80491/]հայտնել [/url]էր, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Զվարթնոց օդանավակայան էին ժամանել ոստիկանության, Ազգային անվտանգութան ծառայության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ, քանի որ իրավապահ մարմիններում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ այդ օրը՝ մարտի 24-ին, Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Ինքնաթիռը պետք է ժամաներ ժամը 20:45-ին:
Նմանատիպ նյութեր
6318 դիտում
21:48 14-05-2019
Հայտնաբերվել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակը․ ԱԱԾ
26062 դիտում
21:44 29-05-2020
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է
5549 դիտում
17:48 06-09-2018
Եթե ցանկանում եք պարզել ովքեր կան ընտրողների ցուցակում Ձեր հասցեից (ՈՒՂԵՑՈՒՅՑ-2)