Թաթարստանում հայազգի կոշկակարը մեղադրվում է դեռահաս աղջիկների բռնաբարության 150 դեպքի համար
ՌԴ Քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչությունն ավարտել է քրեական գործի ուսումնասիրությունը, ըստ որի` 48-ամյա Է. Սահիյանը մեղադրվում է ազատությունից ապօրինաբար զրկելու, բռնաբարությունների ու սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Անդրեյ Շեպտիցկին։
LifeNews-ի փոխանցմամբ` 48-ամյա կոշկակար է. Սահիյանը մեղադրվում է բռնաբարության 150 դրվագի համար։
Քննության տվյալներով՝ նրա զոհերը եղել են 14-18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքներից աղջիկներ, որոնք բնակվել են հանրակացարաններում։ Մանկապիղծը զոհերին փակել է իր բնակարանում, որտեղ նրանց պահել ու բռնաբարել է մի քանի օր։
Սահիյանն աղջիկների հետ ծանոթացել է փողոցում՝ առաջարկելով գումարով մնալ կամ գիշերել իր տանը, ինչից հետո նա որպես քրեական հեղինակություն է ներկայացել ու հաշվեհարդարի սպառնալիքի տակ ծեծել ու բռնաբարել է աղջիկներին։
Բանն այն է, որ դրանով ամեն ինչ չի ավարտվել. ավելի ուշ նա նորից գտել է նրանց, սպառնացել, տուն է տարել ու նորից բռնաբարել։ Իր զոհերից մեկին՝ 15-ամյա աղջկան, բնակարանում փակել ու 10 օր շարունակ հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ։ Վերջինս կարողացել է փախչել՝ պահարանում գտնելով դռան երկրորդ բանալին:
Առաջիկայում գործը կուղարկվի դատարան։


