Թուրքիան միտումնավոր Եվրոպա է ուղարկում ԻՊ ահաբեկիչների. Հորդանանի թագավոր
Հորդանանի թագավոր Աբդուլլահը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունն է միտումնավոր կերպով Եվրոպա ուղարկում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների, գրում է The Independent թերթը:
Ըստ թերթի՝ նման հայտարարությամբ Աբդուլլահ թագավորը հանդես է եկել դեռ այս տարվա հունվարի 11-ին, ԱՄՆ Կոնգրեսi առաջ, սակայն նրա ելույթը մինչև վերջերս չէր հրապարակվել:
Հորդանանի թագավորը նշել է նաև, որ հենց Թուրքիան է զբաղվում ԻՊ-ի հետ նավթի առքուվաճառքով:
Թերթը նշում է, որ Թուրքիան ու Հորդանանը պաշտոնապես դաշնակիցներ են, սակայն փախստականների հետ կապված ճգնաժամը ուժեղ կերպով ազդել է երկու երկրնների փոխհարաբերությունների վրա: Բացի այդ, Հորդանանի թագավորը դժգոհ է Եվրամիություն-Թուրքիա գործարքից և չնայած Թուրքիայի բնակչությունը 10 անգամ ավելի է Հորդանանի բնակչությունից, Հորդանանը համամասնության տեսանկյունից ավելի մեծ թվով փախստականների է ընդունել, քան Թուրքիան: