25830 դիտում
10:07 28-03-2016
Ավտովթար Երևանում. Kia-ն մխրճվել է բժշկուհու տան մեջ. նախկին ոստիկանության մայորը, ով այժմ ՍՊԸ-ի կառավարիչ է, հայտարարում է, որ ղեկին ինքն է եղել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցում Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 55-ամյա Սեյրան Հայրապետյանը իր վարած Kia մակնիշի 18 OV 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 1 տան պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի ուղևոր, Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով էլ վնասվել է թիվ 1 տան սեփականատեր, 59-ամյա Գայանե Պապիկյանի տան պատը:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարների խումբն ու Երևանի ՃՈ աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Հայրապետյանն աշխատում է «ՍԱՄԱՅ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում՝ որպես կառավարիչ, նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, կոչումով ոստիկանության մայոր է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն հավաստի տեղեկություններ, որ մեքենան վարել է ոչ թե Սեյրանը, այլ Սերգեյը, ով հրաժարվել է բժշկական կենտրոնում սթափության փորձաքննություն անցնել: Իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ՃՈ աշխատակիցներին ասել են, որ վարորդը եղել է ոչ թե հայրը, այլ տղան, ով ոգելիցի ազդեցության տակ է եղել: Վնասված տան սեփականատեր Գ. Պապիկյանն էլ աշխատում է «Շտապօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+