Երևանում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցը Toyota Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Երեկ` մարտի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Շիրազի փողոցի թիվ 39/1 շենքի դիմաց Քանաքեռ 11 փողոցի բնակիչ, 41-ամյա Գարիկ Հովսեփյանը իր վարած Toyota Prado մանկիշի 01 DO 055 AM դիվանագիտական համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Սարգիս Սարգսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Վարդանանց բժշկական կենտրոն և դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանություն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դեպքի մասին քննչական կոմիտեից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, քանի որ պարզվել է, որ վարորդ Գ. Հովսեփյանը աշխատում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը` որպես անվտանգության աշխատակից, ավտոմեքենայի համարանիշն էլ հաշվառված է դեսպանատան հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի