211652_close_icon
views-count1014 դիտում article-date 20:04 24-03-2016

Հայաստանի արտգործնախարարությունում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն

Մարտի 24-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի պատասխանատուներ: Ընդունելության սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների հիշատակը: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես և ողջ ֆրանկոֆոն աշխարհը, խստորեն դատապարտում է այդ զարհուրելի ահաբեկչական գործողությունները և իր համերաշխությունն է հայտնում Բելգիային և բելգիացի բարեկամ ժողովրդին: Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով կազմակերպության ակտիվ անդամ, Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երևանում և մի շարք մարզերում անցկացնելու է շուրջ 600 կրթական, մշակութային և համալսարանական միջոցառումներ: Նախարարը գոհունակությամբ ընդգծեց երիտասարդության ակտիվ մասնակցությունը միջոցառումներին. ավելի քան 200 կրթօջախներ ներգրավված են այս ծրագրում: Էդվարդ Նալբանդյանն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ պետական կառույցներին` ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարություններին և Երևանի քաղաքապետարանին, Հայաստանում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ երկրների դեսպանություններին և ֆրանկոֆոն հաստատություններին, որոնք իրենց կարևոր ներդրումն են ունեցել Հայաստանում 2016թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպման գործում: Ընդունելությանը նախորդեց ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և Շվեյցարիայի Համադաշնության դեսպան, Հայաստանում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Գասսերի հանդիպումը լրագրողների հետ։

Նմանատիպ նյութեր