Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. ոստիկանները հայտնաբերել են Ինտերպոլի կողմից սպանության հոդվածով հետախուզվող, Լատվիայի քաղաքացի, 21-ամյա թեքվանդոյի մարզիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 22-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Փարաքարի խաչմերուկում հայտնաբերել են Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքի բնակիչ, 21-ամյա Արամ Գաբրիելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով 2015 թվականից հետախուզման մեջ էր գտնվում, այդ թվում նաև Ինտերպոլի կողմից:
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Վաղարշապատի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ա. Գաբրիելյանը տևական ժամանակ է, գտնվում է Հայաստանում և թաքնվում է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի հայրական տանը:
Վաղ առավոտյան խմբերը մտնելով տուն՝ նրան չեն հայտնաբերում այնտեղ և միայն ոստիկանության աշխատակիցների ճիշտ գործողությունների արդյունքում կարողանում են հեռախոսակապ հաստատել Արմանի հետ, սակայն վերջինս ոստիկաններին ասում է. «Եթե սվո եք, հորս շան անունը ասեք»: Ոստիկաններն էլ ասում են՝ շան անունը Մաքս է, ինչից հետո Արամն ընկնելով ծուղակը՝ հայտնում է իր գտնվելու վայրը, ու արդեն Փարաքարի խաչմերուկում ոստիկանները վայրկյանների ընթացքում վնասազերծում են միջազգային հետախուզման մեջ գտնվող Արամին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Արամը, ով թեքվանդո էր պարապել, ազգությամբ չեչեն Չերպուս Կրիստնիցի հրավերով գնում է նա տուն: Ըստ Արամի հայտարարության՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում ինքը նկատում է, որ չեչենը դանակով փորձում է հարձակվել իր վրա և ինքնապաշտպանվելու նպատակով Արամը վնասազերծում է չեչենին և նրա ձեռքից խլում դանակն ու հարվածում Կ. Չերպուսին, որից հետո 3-րդ հարկի պատուհանից Արամը թռնում է ցած և դիմում փախուստի:
Օպերացիան ղեկավարել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի