211652_close_icon
views-count8447 դիտում article-date 21:53 20-03-2016

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 29-ին հոգևոր մայրաքաղաքում կյանքը եռում էր. Էջմիածնի Մայր տաճար այցելող բազմաթիվ մարդիկ Ծաղկազարդն էին նշում: Մայր Տաճարի բակը, որի մի մասը հնամյա շինության վերականգնման նպատակով վերածվել էր շինարարական հրապարակի, լի էր ուռենու ճյուղերով պսակը ձեռքներին ու գլխին շրջող, զբոսնող մարդկանցով: Իսկ ուռենու ճյուղերով պսակ կարելի էր գնել դարպասների մոտ մարդկանց դիմավորող վաճառականից: Ուռենու ճյուղերի առևտրով էին զբաղվում նաև երիտասարդները. շրջանակ դարձրած ճյուղերը անցկացրել էին ձեռքներով ու շրջում էին եկեղեցու բակում: Մարդիկ՝ մանուկներ, կանայք ու աղջիկներ, գնում էին, դնում գլխներին ու լուսանկարվում, «սելֆիներ» անում:Տոնին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև ՀՊՄՀ ուսանողները,նրանք մասնակցեցին Ս. Պատարագին,մոմ վառեցին և շրջեցին Սուրբ քաղաքով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ներկա մանուկներին, բացատրեց Ծաղկազարդի խորհուրդն ու մաղթեց, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի բոլոր հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք: «Թո՛ղ որ Աստծո օրհնությամբ հասակ առնեք, արժանավոր զավակները լինեք ձեր ընտանիքների, մեր հավատավոր ժողովրդի, շենացնեք մեր Մայր Հայրենիքը` փառք ու պատիվ հավելելով նախնյաց ավանդությանը և գովարժան վարքով ծառայեք ազգիս հայոց», - ասաց Նորին Սրբությունը: Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+

Նմանատիպ նյութեր