3553 դիտում
11:17 17-03-2016
1865 թվականի այս օրը ծնվել է Մանուկ Աբեղյանը. «Նա ընկավ հսկա կաղնու նման, և ծանր լռություն տիրեց անտառում». Դերենիկ Դեմիրճյան
Մանուկ Խաչատուրի Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում, որը ժողովրդի կողմից շարունակվում էր կոչվել կողքի ավերված գյուղի անունով՝ Աստապատ։
1876 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան և իր ընդունակությունների պատճառով արժանանում ճեմարանի տեսուչ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկու համակրանքին։
1887 թվականին թողնելով ճեմարանը՝ Աբեղյանը հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակվում Շուշիի թեմական դպրոցում և աշխատում է ընդամենը երկու տարի, որը նրա կյանքում նշանավորվում է երկու կարևոր փաստով։
1889 թվականին Աբեղյանը Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց վարժարանի տեսուչ, իր երբեմնի ուսուցիչ Փիլիպոս Վարդանյանի հրավերով մեկնում է Թիֆլիս և ստանձնում վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչի պաշտոնը։ Ուսուցչությանը զուգընթաց Աբեղյանը լրագրային-հասարակական գործունեություն է ծավալում՝ համագործակցելով ժամանակի հայ նշանավոր պարբերականներից մեկի՝ «Նոր դար»-ի հետ։
1893 թվականին Աբեղյանն ընդունվում է Ենայի համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետը կամ բաժինը։ Երկու կիսամյակ ուսանում է Ենայում, երեք կիսամյակ՝ Լայպցիգում, երեք էլ՝ Բեռլինի համալսարաններում: Գերմանական համալսարաններում ուսանելու տարիներին (1893–1895) Աբեղյանը զբաղվում է հատկապես գերմանական բանասիրությամբ, մասնավորապես՝ պատմության, լեզվի և գրականության ուսումնասիրությամբ։
1898 թվականին, երբ Մանուկ Աբեղյանը վերադառնում է Թիֆլիս, անմիջապես Գևորգյան ճեմարանի տեսչությունը նրան հրավիրում է ճեմարանում դասախոսելու հայոց լեզու, գրականություն, պատմություն, աշխարհագրություն և գերմաներեն լեզու։ Աբեղյանն ընդունում է հրավերը և մեկնում Վաղարշապատ: Ստանձնելով ճեմարանի ուսուցչի պաշտոնը՝ նա սկսում է դասավանդել թե՛ դպրոցական և թե՛ լսարանական բաժիններում։
1917 թվականի հունվարի 27-ին, դարձյալ Թիֆլիսի Հայ երաժշտական ընկերության դահլիճում, նա կարդում է հայ միջնադարյան առակներին նվիրված իր նոր հետազոտությունը։ Գոշի և Այգեկցու առակների ընձեռած նյութի հիման վրա, Աբեղյանը բացահայտում է առակների ժանրի մեջ անդրադարձած միջնադարյան Հայաստանի սոցիալ-դասակարգային կյանքի պատկերը։
1917 թվականի ապրիլին, Հայոց ազգագրական ընկերությունը Թիֆլիսում հիմնում է կովկասագիտական և, մասնավորապես, հայագիտական երկսեռ բարձրագույն դասընթացներ, որի համար դասախոս է կարգվում Մանուկ Աբեղյանը։ Նույն տարվա մայիսի 13-ին նա կարդում է իր առաջին դասախոսությունը՝ նվիրված հայ հին ժողովրդական բանահյուսությանը, մասնավորապես հին վեպի զարգացման ու հարատևության հարցին։
1918 թվականին Թիֆլիսում սկիզբ է դրվում Երևանի համալսարանի կազմակերպման աշխատանքներին։ Աբեղյանը նշանակվում է կազմակերպիչ հանձնաժողովի անդամ և հաջորդ տարի հրավիրվում Երևան՝ նորաբաց համալսարանի գործերով զբաղվելու։ 1919 թվականի օգոստոսի 1-ին նա նշանակվում է Երևանի համալսարանի դասախոս և պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան։
1940 թվականին դարձյալ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի գրականության և լեզվի ինստիտուտը, որի գիտական խորհրդի անդամ էր Աբեղյանը, հանձնարարում է վերջինիս գրելու հայ հին գրականության ամբողջական պատմությունը։
1943 թվականի ապրիլին, գրականության և լեզվի ինստիտուտի գիտական խորհուրդը միաձայն Աբեղյանի թեկնածությունն է առաջադրում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ ընտրվելու համար։ Ապրիլի 27-ին Երևանի պետհամալսարանի գիտական խորհուրդը ևս ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի բարձր կոչման է առաջադրում Մանուկ Աբեղյանին։
Ակադեմիկոս դառնալուց հետո Աբեղյանը շարունակում է աշխատել «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի վրա։ Սակայն պատերազմական ծանր օրերը, ռազմաճակատում անհայտ կորած որդու վիշտը, օրըստօրե վատթարացնում են նրա առողջությունը 1944 թվականի սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Աբեղյանը մահանում է․
Նմանատիպ նյութեր
5760 դիտում
23:53 23-06-2016
Պատմության այս օրը․ 1972 թվականի այս օրը ծնվել է Զինեդին Զիդանը
3964 դիտում
23:00 25-06-2016
Պատմության այս օրը․ 1950 թվականի այս օրը սկսվեց Կորեական պատերազմը
Այս բաժնից
1576 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ