211652_close_icon
views-count1407 դիտում article-date 10:30 27-02-2016

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ստվերային բանակցություններ են անցկացվում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները փորձում են լայն կոնսոլիդացիա ստեղծել նոր Սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությանների, հատկապես նոր Ընտրական օրենսգրքի շուրջ։ Բանն այն է, որ նրանք չեն ցանկանում նորից վաստակել ԵԱՀԿ-ի քննադատությունը, ինչը տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեպքում։ Եվ այդ նպատակով նրանք բանակցություններ են սկսել հատկապես խորհրդարանական կուսակցությունների հետ։ Որոշ տեղեկությունների համաձայն, նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում մասնավորապես Հանրապետական խմբակցությունում և Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նախագահը ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն է։ ՀՀԿ-ականները Աժ խմբակցություններին փորձում են ծանոթացնել նախագծի նախնական տարբերակին։ Հովհաննես Սահակյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա։ Պարզ է, որ նախագծին կողմ է նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, և Հանրապետական կուսակցությունը հիմա փորձում է ստանալ նաև «Բարգավաճ Հայաստանի» ու «Օրինաց երկրի» եթե ոչ բացահայտ համաձայնությունը, ապա գոնե հասնել այն բանին, որ այս ուժերը կտրուկ չընդդիմանան այդ նախագծին»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր