211652_close_icon
views-count2571 դիտում article-date 15:12 26-02-2016

Կարևորում ենք բոլոր այն ծրագրերի կյանքի կոչումը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետության ապահովմանը. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրեն Շոն Օ Սուլիվանի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհավորել է Շոն Օ Սուլիվանին ԱԶԲ գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել է նրան հաջողություններ պատասխանատու գործում: Առանձնակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով անչափ կարևոր էր Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Անդրադառնալով Տրանշ 2-ին` քաղաքապետը ընդգծել է, որ կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել, որպեսզի այդ մասով աշխատանքները ևս կարճ ժամանակահատվածում գործնական ընթացք ստանան: «Նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում Երևանում, և մենք կարևորում ենք բոլոր այն ծրագրերի կյանքի կոչումը, որոնք ուղղված են մայրաքաղաքի զարգացմանն ու հարմարավետության ապահովմանը: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի առաջին փուլով իրականացվող ճանապարհաշինական ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, ինչն իսկապես օրակարգային խնդիր էր, և ուրախալի է, որ այն այսօր սահուն իրականանում է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվող երկրորդ փուլի աշխատանքները ևս կյանքի կկոչվեն հաջողությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ ԱԶԲ գլխավոր տնօրեն Շոն Օ Սուլիվանն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի ընթացքից և ներկա արդյունքներից՝ ընդգծելով, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար: «Իրոք մեծ աշխատանք է կատարված, ինչը ողջունելի է: Վստահ եղեք, պարոն քաղաքապետ, որ մեզ համար հաճելի է աշխատել մի կառույցի հետ, որը պատրաստակամ է ամենայն հետևողականությամբ կյանքի կոչելու առաջադրված բոլոր խնդիրներն ու ծրագրով նախանշված աշխատանքները: Մեր թիմերի համատեղ ամենօրյա աշխատանքով կյանքի կոչվող այս ծրագիրն իսկապես կարելի է օրինակելի համարել: Համոզված եղեք, որ ես ևս իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի ապահովվի նախանշված ծրագրերի շարունակականությունը»,- նշել է Շոն Օ Սուլիվանը: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև ծրագրի 3-րդ փուլով նախանշված աշխատանքների հետ կապված: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը:

Նմանատիպ նյութեր