211652_close_icon
views-count2530 դիտում article-date 20:02 17-11-2016

Մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը. Տարոն Մարգարյան.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ հյուրընկալել է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը պետության ու քաղաքամայր Երևանի զարգացման գործում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին շնորհավորել է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրվա առթիվ ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երիտասարդության կողքին: «Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և բուհերի ուսանողական խորհուրդների ու երիտասարդական ՀԿ-ների միջև ձևավորվել է իսկապես հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Վստահեցնում եմ, որ որդեգրած մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական և մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Հենց երիտասարդներին ու հատկապես ուսանողներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը, ինչը, համոզված եմ, կշարունակեք կատարել մեծ նվիրումով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Ուսանողության միջազգային օրվա առթիվ ներկաներին շնորհավորել է նաև միջոցառմանը ներկա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ, Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած զգալի ներդրման, ինչպես նաև երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Հասմիկ Ափյանը, Ներսիկ Մարգարյանը և Գոռ Վարդանյանը: «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն էլ պարգևատրվել է «Երևան քաղաքի զինանշան» հուշամեդալով: Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած ներդրման և ակտիվ գործունեություն ծավալելու համար բուհերի ուսանողական խորհուրդների մի շարք ներկայացուցիչներ ու երիտասարդական հասարակական կազմակերպություններ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Նմանատիպ նյութեր