2345 դիտում
16:29 24-02-2016
Մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը
Փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգով ազդարարվել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկը:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին անդրադարձ է կատարել հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանի գործունեությանը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձևավորվել է երրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, որի անդամներ են վերընտրվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Գագիկ Բաղունցը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ Ազգային ժողովը քննարկել և ընդունել է.
«Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ներգրավվել զբաղվածության ծրագրերում:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների փաթեթը: Փաթեթի առաջին օրենքով կկարգավորվեն առաջին ատյանի դատավորի կենսաթոշակային ապահովման խնդիրները, իսկ երկրորդ օրենքը հնարավորություն կտա ԼՂՀ պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ:
«Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում բնագավառի գործունեությունը կարգավորող նոր լիազոր մարմին է ճանաչվել ֆինանսների նախարարությունը, նախկին՝ ԿԱ հարկային մարմնի փոխարեն:
«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն նվազեցվել են երթուղիների հաստատագրված վճարների հաշվարկի գործակիցները՝ հեռավոր գյուղական բնակավայրերում անխափան, կանոնավոր փոխադրումներն ապահովելու համար:
Առաջին ընթերցմամբ ընդունվել են՝ «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: Սույնով հստակեցվում են սննդամթերքի անվտանգության, կերի և բուսասանիտարիայի ոլորտներում լիազոր մարմնի կառավարման համակարգի նպատակները, խնդիրները, իրավասությունները և ապահովվում է պետական վերահսկողության կազմակերպման անհրաժեշտությունը:
«Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը ստեղծագործական կազմակերպություններին միություններում միավորվելու կամ ստեղծագործական միություն անվանումը կրելու հնարավորություն կտա:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որով սահմանված կարգով առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարելը, ինչպես նաև սթափության վիճակի զննումից խուսափելը կհանգեցնի քրեական պատասխանատվության:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ:
Այնուհետև նիստը շարունակվել է տարեկան հաղորդումների ներկայացմամբ: Դատախազության 2015թ. գործունեության մասին հաշվետվությամբ հանդես է եկել ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, իսկ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2015թ. իրականացված աշխատանքների մասին՝ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:
ԱԺ կանոնակարգի համաձայն, վարչապետ Արայիկ Հարությունյանի և կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Հայկ Խանումյանը:
Նմանատիպ նյութեր
1043 դիտում
18:26 30-09-2015
Մեկնարկեց 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը
2159 դիտում
16:44 11-08-2020
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը
Այս բաժնից
745 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
832 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
832 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet