211652_close_icon
views-count917 դիտում article-date 16:53 24-02-2016

Երևանում մեկնարկեց «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագիրը կրող աշխատաժողովը

Փետրվարի 24-ին ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված սիրիահայերի՝ հասարակությանը ինտեգրման դյուրացման խնդիրներին: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Աշոտ Հովակիմյանը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, բարձր գնահատեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ՀՀ գրասենյակի դերակատարությունը և ՀԲԸՄ-ի շարունակական գործունեությունը՝ ուղղված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցությանը, հասարակական ինտեգրմանը: Նախարարը կարևորեց նաև «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության դերն ու պատրաստակամությունը, ակտիվ ջանքերը՝ սիրիահայությանն օգնելու ուղղությամբ: Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մատնանշեց նաև պետական մարմինների, հոգևոր կառույցների, համահայկական, բարեգործական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: «Ակնհայտ է, որ սիրիահայերի հիմնական մասը Հայաստանում ինտեգրվել է, աշխատում է, սակայն կան որոշակի բարդություններ, հատկապես՝ բնակարանի և աշխատանքի հիմնահարցերում: Փորձում ենք ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև համահայկական բարեգործական կազմակերպությունների ուժերը մեկտեղել, կարողանալ օգնել, որպեսզի յուրաքանչյուր մեր հայրենակից, որը կարիք ունի բնակվարձի, անպայման ստանա»,- նշեց Սփյուռքի նախարարը՝ հավելելով, որ 800 ընտանիք ամեն ամիս ստանում է 200 դոլարին համարժեք հայկական դրամ, որպեսզի լուծի բնակարանի վարձի խնդիրը: Աշխատաժողովն իր ընթացքը շարունակում է 4 հարթակներում, որտեղ Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող պետական գերատեսչությունների, հասարակական, միջազգային և համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչները կքննարկեն սիրիահայերի ինտեգրմանը, կրթական, սոցիալական, հոգեբանական աջակցությանն առնչվող հարցեր: Աշխատաժողովի նպատակն է նշված խնդիրների լուծման համար ռեսուրսների հավաքագրումը, լուծման ուղիների հստակեցումը և ակնկալվող առաջարկությունների համակարգումը:

Նմանատիպ նյութեր