211652_close_icon
views-count2413 դիտում article-date 09:19 23-02-2016

«Նաիրիտը» վաճառո՞ւմ են. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարում հայաստանյան «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը։ Այն «Գրանթ Թորնթոն Ւնթերնեշնլ» միջազգային կազմակերպության անդամ Է։ «168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ գույքագրման նախաձեռնողը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որն այդ աշխատանքի համար ընկերությանը վճարել 115 մլն դրամ։ Նախորդ շաբաթ նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասել Էր, թե պետք Է տարանջատեն գույքն ու տարածքները, և այն, որը պետք Է «Նաիրիտին» հետագայում վերագործարկման ժամանակ, փոխանցվելու Է Երևանի ՋԷԿ-ին, իսկ այն մասը, որը պետք չէ, տալու են «Նաիրիտ 2»–ին։ Վերջինս պետք է վաճառի այդ գույքն ու ետ վերցնի նաիրիտցիներին վճարված աշխատավարձի գումարը։ Սակայն փոխնախարարն աչքաթող է արել կամ մոռացել է մի մանրուք «Նաիրիտ գործարանը» «Նաիրիտ 2»–ին ոչ մի գումար էլ պարտք չէ։ Հակառակը «Նաիրիտ 2»–ն է պարտք եղել գործարանին. 2008 թվականին «Նաիրիտ» գործարանը դատարանի միջոցով շուրջ 4.2 միլիարդ էր շահել 100 % պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ։ Այսինքն՝ նաիրիտցիների աշխատավարձի գումարների վճարումը կարելի է համարել «Նաիրիտ–2»–ի կողմից պարտքի մարում, և այն որևէ պահանջ չպետք է ունենա։ Թեև «Նաիրիտ 2»–ի գլխավոր տնօրեն Գագիկ Հակոբյանը մեգ հետ զրույցում հայտարարել էր, թե իրավական առումով խնդիր չկա, որ պետական կազմակերպությունը «Նաիրիտ 2»–ը, վճարելու է 90%-ով մասնավոր ընկերության աշխատակիցների պարտքը, քանի որ «Նաիրիտ գործարանը» սնանկության եզրին է, բազմաթիվ պահանջատերեր ունի, ապա, եթե այդ գումարները գնան գործարան, առաջնահերթ մյուս պարտքերը կփակվեն և ոչ թե աշխատավարձի։ Ընդ որում նա նշել էր, որ գումարը կառավարությունն է փոխանցում, և ոչ թե «Նաիրիտ 2»–ն իր հաշվից է փոխանցում։ Ավելին, «Նաիրիտ 2-ը» վճարեց նաիրիտցիների աշխատավարձերի միայն մայր գումարը, իսկ տոկոսները «պահեց իրեն», իսկ դա նշանակում էր այդ գումարը շրջանառության մեջ դնելու և եկամուտ ստանալու լավ հնարավորություն։ Այժմ, եթե «Նաիրիտ 2»–ին կեղծ պարտքի դիմաց փոխանցվի գործարանի գույքի մի մասը, և դա օտարվի, «Նաիրիտ» գործարանը լուրջ խնդրի առաջ կկանգնի։ Այսօր գործարանի հիմնական ունեցվածքը տարածքներն ու շենքերն են, քանի որ հնացած սարքավորումների վաճառքը բավարար գումար չի ապահովի։ Իսկ եթե գործարանին պատկանող ինչ-որ տարածք վաճառվի, խնդիր առաջանալու դեպքում դրա նոր սեփականատերը թույլ չի տա մտնել և իր տարածքում ինչ-որ աշխատանք անել։ Այսինքն որևէ տարածքի կամ շենքի օտարումը նշանակում է «թաղել» գործարանը։ Եթե կառավարությունն իսկապես գործարանն աշխատեցնելու խնդիր է դրել, ապա որևէ պայմանով չպետք է օտարում թույլ տա այնքան ժամանակ, մինչև ներդրողը չգա, չսկսի գործարանն աշխատեցնել, ու ինքը որոշի ի՛նչն է պետք վաճառել, ի՞նչը ոչ։ Ի դեպ, դեռ անցած ամռանը էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը մեզ վստահեցրել էր, թե «Նաիրիտ 2»–ը չի կարող տիրապետել գործարանի գույքին, վաճառել այն, և այլն։ Սակայն այժմ, մինչ Ազգային ժողովը խոսում է «Նաիրիտի» վերաբերյալ օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, կառավարությունն ուղիներ է փնտրում այդ «բեռից» շուտ ազատվելու համար։ Ստացվում է. որ կառավարությունը դիտավորյալ շտապ քայլեր է անում, որ առաջիկայում ոչ մի ներդրող մոտ չգա գործարանին։ «Նաիրիտի» աշխատելն անխոս հեռանկարային և շահավետ կլիներ թե ՀՀ իշխանության, թե քաղաքացիների համար։ Թեև մյուս կողմից «Նաիրիտը» հսկայական տարածքներ ունի, իսկ այսօր Երևանամ արդեն նման մեծ տարածք գտնելը դժվար է»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր