Անաստասիա Գալուստյան. Հպարտ եմ որ հայրս, պապս հայեր են և իմ արմատները հայկական են
Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Միքայել Միքայելյանը և Անաստասիա Գալուստյանը, մասնակցեցին Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի` դահուկասահքի և գեղասահքի մրցաշարերին: Օլիմպիական Լիլեհամերից մեկնելուց առաջ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Դեռևս 2012 թվականին առաջարկ կար հայկական կողմից, և ես չէի կարող հրաժարվել նման հնարավորությունից: Ես իսկապես ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռնվել Հայաստանը ներկայացնել միջազգային մրցաշարերում: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հայկական դրոշի ներքո: Միշտ էլ ասել եմ այդ մասին և կրկնելու եմ: Հպարտ եմ, որ հայրս, պապս հայեր են, և իմ արմատները հայկական են: Առավել հաճելի է, երբ երկրպագուներն են շատանում, այն էլ` հայ:
Իհարկե, շատ եմ կարևորում մասնակցությունը երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին: Տխրեցի, իհարկե, որ հիվանդությունը թույլ չտվեց ամբողջ ուժով ներկայանալ: Ինձ դուր եկավ, թե ինչպես սահեցի կարճ ծրագրի ժամանակ, բաց որևէ մեկնաբանություն չեմ տա ազատ ծրագրի վերաբերյալ: Կարող էի չմասնակցել ազատ ծրագրին, սակայն որոշեցի մասնակցել, թեպետ ջերմում էի, դրանից հետո ինքնազգացողությունս ավելի վատացավ», ասել է Անաստասիա Գալուստյանը: