211652_close_icon
views-count2056 դիտում article-date 15:01 04-02-2016

Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղով հիվանդների թիվը. այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Տարեցտարի Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը շատանում է, սակայն պակասում են մահացության դեպքերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ուռուցքաբան Լևոն Բադալյանը` նշելով, որ դա տեղի է ունենում ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման մեթոդների զարգացման հաշվին: Ըստ նրա` 2014-2015թթ.-ին Հայաստանում 8000-ից ավելի քաղցկեղով հիվանդացության դեպք է գրանցվել, իսկ մահացության՝ 4000-5000, որոնցում եղել են նա նախորդ տարիներին ախտորոշված հիվանդները: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 4-ը նշում է` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկույթի` Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է ընդհանուր մահացության 80%-ը, ընդ որում, մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում` կազմելով 20.6%: Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետությունում վերջին տասը տարինեին չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով/1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով/1.9 անգամ (2105 դեպքով): ՀՀ–ում 2015 թվականին կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն հաստատված ախտորոշումով հիվանդների թիվը կազմել է 8365, իսկ ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը` 38918: Բոլոր տիպի քաղցկեղների հայտնաբերման ցուցանիշների դիտարկումն, ըստ փուլերի, ակնհայտորեն մատնանշում է, որ Հայաստանում քաղցկեղների վաղ հայտնաբերումը, այսինքն` հիվանդության I-II փուլերում, կազմում է 43%, իսկ դեպքերի 57%-ը հայտնաբերվում են III (19%) և IV փուլերում (38%): Ավելին, վերջին տարիներին բոլոր տեսակի քաղցկեղների վաղ հայտնաբերման ցուցանիշը չբարելավվում է: Մասնագետները քաղցկեղ ծնող պատճառներից առանձնացնում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը՝ օդի, ջրի ու սննդի աղտոտվածությունը, ծխելու վատ սովորությունը և սթրեսները։ Ըստ Լևոն Բադալյանի` «Հայաստանում տղամարդկանց մեծ մասը ծխող են և ծխում են չափից շատ, մինչդեռ, մեկ տուփից ավել ծխելն արդեն լուրջ ռիսկ է: «Պակաս կարևոր դեր չունի նաև մարդու գենետիկան, եթե որևէ մեկի ծնողներից մեկի մոտ հայտնաբերվել է քաղցկեղը, ապա ինքը ևս ստուգման կարիք ունի»,- ասաց ուռուցքաբանը:

Նմանատիպ նյութեր