276249 դիտում
00:43 04-02-2016
Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր. կան ամբողջովին վնասված, ջարդված ու հրկիզված ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագածավան գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս պահին նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, ոստիկանապետի տեղակալներ Լաերտ Գրիգորյանի և Արշակ Ափոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի եղբոր որդին է՝ 32-ամյա Արման Սասունիկի Խամոյանը: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում:
[/color]
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված են:
Այս պահին փռի մոտ աշխատում են ոստիկաններն ու քննիչները` մարզի ոստիկանապետի տեղակալ Լաերտ Գրիգորյանի և մարզի քննչական վարչության պետ Մ. Դուրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել է «ՖԱԲԱՐՄ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
[/color]
***
04/02/2016
10:00
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ գյուղ են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ դեռ անցյալ տարի էլի վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ 1 հոգի թեթև հրազենային վնասվածք էր ստացել, իսկ հետո բարիշել էին, սակայն երեկ սպանության կասկածանքով ձերբակալվածը ոչ սթափ վիճակում վիճաբանել է և կրակոցներ է արձակել: Մահացածներից մեկն ընդհանրապես կապ չի ունեցել վիճաբանության հետ: Այս ամսվա 13-ին պետք է տեղի ունենար նրա տղայի հարսանիքը: Նա տուն վերադառնալիս է եղել գնումներ կատարելուց հետո, երբ մահացու հրազենային վնասվածք է ստացել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընդհանուր առմամբ վնասվել է 8-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց մի մասն ամբողջովին հրկիզված են: Ողջ գիշեր Թալինի հրշեջները մարել են մեծ քանակի հրկիզված խոտի հակեր: Մինչև այս պահը կրակը դեռ կա: Լրացուցիչ գյուղ են ժամանել Ոստիկանության զորքերի մեծ թվով ծառայողներ, քանի որ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզումները շարունակվեն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն գիտեն հրկիզողների տվյալները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ լրացուցիչ զննություն է կատարվում դեպքերի վայրերում, որոնք ղեկավարում են Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանն ու նույն քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Մարատ Դուրյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 385+
385+